Մեկ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը նախկին բնակության վայր, իրականացվում է նաև քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնում, հումանիտար օգնություն է ցուցաբերվում բնակչությանը:
Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորների խմբերը շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Մեկ օրում մաքրվել է 16 հա տարածք, 4 կմ ճանապարհ, 6 շինություն, հայտնաբերվել և դուրս է բերվել 18 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած զինամթերքից մաքրվել է 1642 հա տարածք, 517 կմ ճանապարհ, 1592 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն էին ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: