«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է այսօր ԵԽԽՎ-ում սպասվելիք հայ ռազմագերիների հարցով լսումներին ու դրա շուրջ ստեղծված մի շարք քննարկումների։
Նա, մասնավորապես, նշել է․
«Ով է շահում ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկումից և ով տուժում: Հակառուսական անիմաստ վայնասունը: ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկումը բացի «գոլորշի բաց թողնելուց» այլ նպատակ չունի: Այն մեզ անգամ մի միլիմետր չի մոտեցնելու տղաների վերադարձին:
Այդ քննարկումից շահում են Եվրոպան, մեր տղերքին Ալիևի ոտքերի տակ մատաղ արած պիղծը և սորոսական հակառուսական շրջանակները: Փիառվում են մի քանիսը: Տուժում են գերիները ու հայ-ռուսական հարաբերությունները:
1. Եվրոպան շահում է, քանի որ բոցաշունչ, բայց անարդյունավետ ելույթներով փորձում է կոմպենսացնել իր այսքան ամիսների լռությունը, ինչպես նաև այն, որ պատերազմի ընթացքում ձկան պես լուռ են եղել մեր հանդեպ ադրբեջանցիների կողմից կատարվող վայրենությունների նկատմամբ:
2. Եվրոպան շահում է, քանզի էլի առիթ ունի հակառուսական թեմաներ շոշափելու ու մեղադրելու ռուսներին: Դա այն դեպքում, երբ մի քանի ամիս է` իրենց համար ՀՐԱՏԱՊ հարցը Նավալնու հարցն է: Ի դեպ, այս նստաշրջանին ևս: Ռուսները ոչ թե դեմ էին հայ ռազմագերիների հարցին, այլ ԴեՄ էին, որ եվրոպացիները հերթական անգամ այս թեմայով ևս իրենց վրա ինքնահաստատվեն: Այսօրվա ելույթները կապացուցեն դա: Բայց դա չի նշանակում ռուսներին հարցեր տալ չի կարելի: Հակառակը:
Իսկ առհասարակ, այդ մենք ենք բոլորից պահանջում լինել հայից ավելի հայ, բայց ինքներս Թալեաթի իրավահաջորդին չենք հեռացնում:
3. Մահերի, վիրավորների ու գերիների անմիջական պատասխանատուի համար լավ առիթ է իրականացնել «նոր Մուրադով» օպերացիան` այսինքն, մեղավոր են ռուսներն ու բոլորը, բացի իրենից:
4. Հակառուսական ու սորոսական շրջանակների, լրատվականների համար լավ առիթ է վայնասուն գցել, թե բա` տեսեք, տեսեք, ռուսները սա արեցին, նա չարեցին, և դա այն դեպքում, երբ իրական մեղավորին, անգամ հարց չեն տալիս գերիների մասին, իր ստորագրած գարշելի փաստաթղթի մասին:
5. Տուժում են գերիները ու նրանց հարազատները: Վերջինները, որովհետև ստահակների բանդան հերթական «դատարկ ինքնաթիռն» է բեմադրում ու խաբում մարդկանց, իսկ գերիները…. որովհետև դեռ դժոխքում են:
Հ.Գ. Երբ խոսում էի ԵԽԽՎ պատվիրակներից մեկի հետ, ով, ի դեպ, Ադրբեջանի վրա ազդեցություն ունեցողներից մեկն է, ցուցակներն էի թարմացնում, ներկայացնում իրավիճակը, նա մի քանի բան ասաց, հարցրեցի, թույլ տալի՞ս ես, որոշակի բաներ հրապարակեմ գոնե հարազատների համար, ինձ բառացի ասաց հետևյալը. « Եթե ուզում ես հաջողություն այս հարցում, ապա լռություն է պետք»: Ու ես լուռ մնացի: Հիմա ո՞ր մի տկարամիտն է ուզում մեզ համոզել, որ հրապարակային եղանակով ու հակառուսական ոճով բոցաշունչ ելույթները կօգնեն մեզ:
Գերագույն գլխավոր գերեզման պղծողի համար հաստատ միևնույն է՝ ինչ կլինի, իսկ նրա թելը թելող լրագրողների, «վերլուծաբանների» ու մնացյալի համա՞ր էլ է տղերքի հարցը զուտ ՔԱՂԱՔԱԿԱՆ հարց ու ԱՌԻԹ՝ ռուսների վրա հարձակվելու»։