Արցախի ոստիկանությունն անդրադարձել է Ստեփանակերտի քաղաքացիներից ստացված ևս մեկ ահազանգի՝ կապված տան ուղղությամբ արձակված կրակոցների հետ։
ԱՀ ոստիկանությունից, մասնավորապես, հայտնում են․ «Ապրիլի 21-ին Ստեփանակերտ քաղաքի Վ. Վաղարշյան 13 բն. 46 հասցեից Խ.Մ.-ն (ծնված 1984թ.) ոստիկանություն է դիմել, հայտնելով, որ ապրիլի 20-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում ինքնաձիգով կրակ է արձակվել իր տան ուղղությամբ, ինչի հետևանքով վնասել է տան թիթեղապատ տանիքը, հատակը և առաստաղը:
Դեպքի վայր է մեկնել ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության համակարգի հետաքննության բաժանմունքի հետաքննիչը:
Պարզվել է, որ նշված բնակարանի ուղղությամբ կրակել են 7.62 տրամաչափի զինատեսակից (գնդացիր կամ AK-47):
Կրակելու պահին տանը եղել է Խ.Մ.-ն իր 2 անչափահաս տղաների հետ: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Այս պահին ԱՀ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում գործի հետագա ընթացքը որոշելու համար:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության քաղաքային վարչությունը:
Նշենք, որ սոցիալական ցանցերում շրջանառվող Ասկերանի շրջանի Շոշ և Մխիթարաշեն գյուղերի, ինչպես նաև Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ևս նախարարությունը նյութեր ու փաստեր է հավաքում՝ ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ներկայացնելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ավելի վաղ Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից Armenia Today–ին հայտնել էին, որ հետաքննություն է ընթանում Մխիթարաշեն և Շոշ գյուղերի, ինչպես նաև Ստեփանակերտ գյուղերի ուղղությամբ կրակոցների փաստով:
Armenia Today-ի թղթակիցը չի կարողացել կապվել Արցախի Պաշտպանության բանակի ներկայացուցիչների հետ: Ավելի ուշ Արցախի Պաշտպանության բանակը հայտնեց, որ վերջին օրերին հակառակորդը բազմիցս խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը տարբեր տրամաչափի փոքր զենքերից՝ տարբեր ուղղություններով: