Դեկտեմբերի 12-ին Հայ Օգնության Միության Արցախի մասնաճյուղի կողմից «Լավագույն ուսանող» ծրագրի շրջանակներում պարգևատրվել են 18 ուսանողներ: Արցախի պետական և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի 18 ուսանողներ արժանացել են գնահատագրի և 100-ական ԱՄՆ դոլար խրախուսական պարգևի:
«Լավագույն ուսանող» ծրագիրն իրականացվում է ՀՕՄ-ի Կենտրոնական վարչությունը: ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհի Արմինե Հարությունյանի խոսքով՝ ուսանողների մի մասին ներկայացրել են Արցախի Պետական և Շուշիի տեխնոլոգիական համալսարաններից, իսկ մի մասն էլ ուղղակի դիմել են ՀՕՄ-ի Արցախի միավորի վարչությանը:
«Ծրագրից կարող են օգտվել երկրորդ և բարձր կուրսերի ուսանողները: Ճիշտ է, ծրագիրը խրախուսելու միջոց է, ոչ թե նյութապես օգնելու, բայց դիմումների քննարկման ժամանակ հաշվի ենք առնում նաև ուսանողի ընտանիքի սոցիալական պայմանները, բնակության վայրը»,- նշել է Արմինե Հարությունյանը:
ՀՕՄ-ի Արցախի միավորի վարչության անդամ, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության փոխնախարար Մելանյա Բալայանը հույս է հայտնել, որ «Լավագույն ուսանող» ծրագիրը ավելի է պարտավորեցնելու ուսանողներին ավելի շատ աշխատելու, ուսման մեջ առաջադիմելու համար: Հավելենք, որ Արցախում ծրագիրն իրականացվում է 20 տարուց ավելի: