Բավականին մեծ ջրային ռեսուրսների կորուստ ենք ունեցել: Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը:
Զգալի նախագծեր արդեն ծրագրված են, ասաց պետնախարարը՝ նշելով, որ Արցախի նախագահը դրանցից մեկն ԱԺ-ում ներկայացրել է:
Նա ընդգծեց, որ նախատեսվում է մի քանի ջրամբարներ կառուցել, որպեսզի առավել հեշտ լինի կառավարել ջրային ռեսուրսները:
Խմելու ջրի հարցերը համայնքներում նախատեսում ենք լուծել մոտ 3 տարվա ընթացքում: Ստեփանակերտում ևս որոշ հարցերի լուծումներ են տրվելու: Բեգլարյանը կարևորեց նաև ջրի որակի ապահովումը՝ վերահսկողության մակարդակը բարձրացնելու, լրացուցիչ ռիսկերը նվազեցնելու համար:
Բեգլարյանն ասաց, որ թեև պատերազմի ժամանակ լրջորեն վնասվել էին Արցախի ենթակառուցվածքները՝ դիտավորյալ թիրախավորվելով Ադրբեջանի կողմից, սակայն ներդրված աշխատանքի շնորհիվ գրեթե ամբողջությամբ վերականգնվել են բոլոր ենթակառուցվածքները, միայն որոշ համայնքներում, կախված արտեզյան հորերի վերահսկողությունից, դեռ չլուծված խնդիրներ են մնում: