Եթե ես հավատում էի, որ հաղթելու ենք, ապա դա չի նշանակում, որ ես ինչ-որ մեկին խաբել եմ․․․«Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումներից առաջ (որին մասնակցում է) լրագրողի հարցին ի պատասխան ասել է ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Դուք խոսում եք ընկճված, պարտված սպայի հետ, որի համար շատ ծանր է․․․ ու չփորձեք ինձնից ավելի ողբերգական ընկալում ունենալ այդ ամենի մասին»,- ասել է նա։
Լրագրողի հարցին, թե Արծրուն Հովհաննիսյանը կոնկրետ հրահանգներ է ստացել Աննա Հակոբյանից և հենց նրա թելադրանքով է գործել այդ օրերին, Հովհաննիսյանը պատասխանեց․
«Աննա Հակոբյանին պատերազմի ընթացքում մեկ վայրկյան անգամ չեմ տեսել։ Կեղծ նկարը, որը հրապարակվել էր դրա առնչությամբ, ապատեղեկատվություն էր։ Թող հրապարակեն իրական նկարները՝ կհամոզվեք»։
Գիտակցված պարտության գնալու թեզը, Արծրուն Հովհաննիսյանի կարծիքով, չի կարող տեղավորվել զինվորականի տրամաբանության մեջ։
Հովհաննիսյանն ասում է, որ ամեն օր է ուսումնասիրում պատերազմը՝ դրվագ առ դրվագ։ Ընդգծում է, որ կան, այնուամենայնիվ, մի շարք հակասություններ։ Լրագրողների «Շուշիի հանձնում» արտահայտությունն ուղղում է՝ «Շուշիի անկում», ամեն կերպ փորձում է չտրվել սադրանքի։
«Որպես մասնագետի՝ չափազանց շատ հարցեր կան, որ ինձ մտահոգում են, առաջին հերթին՝ պատերազմավարման, կազմակերպչական, մարտավարության, կոնկրետ անձանց գործողությունների մասով։ Բայց ես որևէ քաղաքական որոշման չեմ մասնակցել, ներկա չեմ եղել ու չեմ լսել անգամ»,- ասաց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, որը գրեթե չի խոսել պատերազմի ավարտից ի վեր, այսօր մասնակցում է «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումներին։