Բելգիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատն այսօր միաձայն ընդունել է բանաձև, որով Ադրբեջանին կոչ է անում «անհապաղ ազատել դեռևս պահվող բոլոր հայ գերիներին, այդ թվում` քաղաքացիական անձանց, 2020 թ․ նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հռչակագրի 8-րդ հոդվածի, ինչպես նաև Ժնևի կոնվենցիայի համաձայն»: Խորհրդարանը խստորեն դատապարտել է նաև գերիների խոշտանգման վերաբեյալ առկա բազմաթիվ հաղորդագրությունները»: Այս մասին հայտնել են Բելգիայի հայերի կոմիտեից։
«Խորհրդարանը կոչ է արել դաշնային կառավարությանը «համապատասխան միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից դեռևս պահվող բոլոր հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակման և անվտանգ վերադարձին աջակցելու համար»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տրամադրած տվյալների համաձայն, 188 ռազմագերիներ դեռևս գտնվում են Ադրբեջանում: Նոյեմբերի 9-ին կնքված զինադադարի համաձայնագիրը նախատեսում էր գերիների անհապաղ և լիարժեք փոխանակում: Սակայն Ադրբեջանը չի ազատել իր գերիներին, և մարտերի ավարտին հաջորդող օրերին ձերբակալել է նաև այլ հայ զինվորների և խաղաղ բնակիչների: Հայաստանն իր հերթին, մարտերն ավարտվելուն պես, ազատ է արձակել բոլոր ռազմագերիներին:
Ի հավելումն այս ամենին, մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ադրբեջանական ուժերը հինգշաբթի՝ մայիսի 28-ին, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գերեվարել են 6 նոր հայ զինծառայողների: Սա հաջորդում է սահմանի մի քանի կետերում վերջին շրջանում հայկական տարածք շարունակական ներխուժումներին։
Այս միջադեպերը Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ վարվող ագրեսիվ ռազմավարության մի մասն են կազմում»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Բելգիայի հայկական կոմիտեն կոչ է անում կառավարությանը հետևել խորհրդարանի կոչին և քայլեր ձեռնարկել՝ նպաստելու բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակմանը.
Բելգիայի Հայերի կոմիտեն հանդիսանում է տեղի հայկական համայնքի գործադիր մարմինը: Դեռևս 1922 թ-ին հիմնադրված հայկական ինստիտուտները համախմբված են Բելգիայի հայկական ծագմամբ բոլոր քաղաքացիների կողմից ընտրված մարմնում: Նշենք, որ հայերի թիվը երկրում կազմում է ավելի քան 30,000 մարդ։