Այսօր գիշերվանից Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտում սկսված փոխհրաձգության հետևանքով վիրավորում ստացած զինծառայողները տեղափոխվել են ՀՀ ԶՈՒ զինվորական հոսպիտալներ։
«Կառաուլ էինք կանգնած, մառախուղ էր, մութ էր, միանգամից սկսեցին կրակել։ Կրակել եմ, բայց շատ ի վիճակի չէի»,- ն«Զինուժ»-ի հետ զրույցում նշել է ժամկետային զինծառայող Դավիթ Ղազարյանը։
«Սովորական ծառայություն էինք իրականացնում, հանկարծակի սկսեցին կրակել, մենք նրանց համարժեք պատասխան տվեցինք, ապաքինվելուց հետո նորից պատրաստ եմ շարունակել ծառայությունս»,- այս մասին նշել է մեկ այլ ժամկետային զինծառայող Անդրանիկ Ալեքսանյանը։
ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը տեղեկություններ է հաղորդել վիրավորում ստացած զինծառայողների վիճակի մասին։ «Մեկ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է, երկու վիրավորի վիճակը բավարար է, մեկինը՝ միջին ծանրոության։ Մեկ վիրավոր արդեն 10։30 տեղափոխվել է Կենտրոնական զինվորական հոսպիտալ, ընթանում է վիրահատություն»,- նշել է Օհանյանը։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ գիշերը՝ ժամը 3:40-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում։
Ըստ ՊՆ-ի՝ ժամը 9։20-ի դրությամբ, ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։