ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը 2020 թվականի դեկտեմբերի 28-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նամակ է հասցեագրել, որի առանցքում Շիրակից հայ 62 զինծառայողներնի հարցն էր: Անդրադառնալով գերիների խնդրին՝ այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Այդ նամակում նշված էր, որ իրենք իրականացրել են հակաահաբեկչական միջոցառում, հայտնաբերել են 62 զինծառայողի, որոնք, ըստ իրենց, բոլորն էլ Շիրակից են: Նամակում նշված է, որ նրանք կալանավորված են, նրանց նկատմամբ իրականացվում են քննչական վարույթներ: Ընդգծվում է, որ նրանք Հայաստանից ուղարկվել են, իրենց ձևակերմամբ, Ադրբեջանի Լաչինի շրջան, Ադրբեջանի զինծառայողների և քաղաքացիական անձանց դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով: Դրա հիման վրա նաև քաղաքական եզրահանգումներ են արվում՝ նշելով, որ Հայաստանը խախտել է նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը:
«Երբ այդ նամակն ուսումնասիրում ենք, այդտեղից հնարավոր է պատկերացում կազմել Ադրբեջանի փոփոխված քաղաքականության մասին, որն իրականացնում են այս ժամանակահատվածում՝ կապված հայ գերիների հետ: Ակնհայտորեն հարցը քաղաքականացնում են, մինչդեռ մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը քաղաքականացնելն անթույլատրելի է: Ռազմագերին կամ քաղաքացիական անձինք ռազմական գործողությունների դադարից հետո պետք է ազատ արձակվեն ու վերադարձվեն իրենց երկրներ: Նրանց ձերբակալելն ու կալանավորելը դիտվում է որպես պատիժ ու նույնպես արգելվում է: Ավելին՝ այս հարցերի արհեստական ձգձգումը ևս արգելվում է, և դա նույնպես պատերազմական հանցագործություն է: Գերիների հետ կապված հարցերի քաղաքականացումը բացարձակ անթույլատրելի է»:
Արման Թաթոյանի խոսքով, եթե տարածքային հարցերով կարող են պայմանավորվածություններ ձեռք բերվել, ապա այս հարցով նման բան չկա․ Գերիներին վերադարձնելու պահանջը գործում է՝ անկախ նրանից, եռակողմ հայտարարության մեջ դա նշված է, թե՝ ոչ:
«Իրենք ձերբակալել են մեր հայրենակիցներին, ուզում են ձգձգել գործընթացը և իրականացնում են իրավական գործընթացների բացահայտ չարաշահում: Արհեստական գործընթացներով քողարկում են մեր տղաների վերադարձը:
Ադրբեջանն անընդհատ է ձգձգել գերիների վերադարձը, և դա անում են՝ մեր հասարակությանը, գերիների ընտանիքներին հեգոբանական տառապանքներ պատճառելու համար: Գերիների հարցը կապված է նաև հայատյացության հետ»,-ասաց նա:
Անդրադառնալով գերիների թվին, Արման Թաթոյանը նշեց. «Իրենք անընդհատ չեն հայտարարում գերիների իրական թվի մասին: Մեր տվյալներով՝ իրենց մոտ ավելի շատ մարդ կա, քան այն 44 անձինք, որոնք վերադարձվեցին, և հիմա էլ այդ թիվը շատ է»:
Արման Թաթոյանը, սակայն, հստակ թիվ չհնչեցրեց՝ նշելով, որ այդ հարցի շուրջ հրապարակումն իր ենթակայության տակ չէ:
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցավ եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ, որի արդյունքում ստորագրվեց հայտարարություն Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ։ Իսկ գերիների վերադարձի հարցը այդպես էլ մնաց չլուծված։