ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Շանթ հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Ադրբեջանում գերեվարված Լիբանանի երկու հայազգի քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական գործին՝ մի շարք հոդվածներով:
Նշենք, որ հոդվածները վերաբերում են «սահմանը ապօրինի հատելուն», «կրոնական թշնամանք տարածելուն», ինչպես նաև «կազմակերպված խմբի կամ հանցավոր համաագործության կերպով ահաբեկչություն կատարելուն»:
ՀՀ ՄԻՊ-ը, մասնավորապես, ընդգծել է. «Սրանք, իհարկե, Ադրբեջանի միասնական քաղաքականության շղթայի տարբեր մասերն են: Նրանք մեր մյուս տղաների նկատմամբ ևս քրեական գործեր են հարուցել և այս ամենը հենց նույն տրամաբանության մեջ պետք է դիտարկել: Սրանք միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ են: Նրանք իրավունք չունեն այդպիսի քայլեր ձեռնարկել, այն էլ՝ այդ հոդվածներով: Սա բացարձակ անթույլատրելի է: Միջազգային իրավունքում կարևորագույն ավտոմատ գործող կանոն կա. պատերազմական գործողություններից հետո գերեվարված անձինք պարտադիր պետք է վերադարձվեն: Ադրբեջանցիները, չարաշահելով իրավական գործընթաները, մեր տղաներին որպես իբրև հանցանք կատարած անձանց են ներկայացնում»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Արցախում ռազմական գործողություններին մասնակցած Լիբանանի երկու հայազգի քաղաքացիներ Հակոբ Թերզյանի և Հակոբ Հաջիրյանի նկատմամբ: Վերջիններս ադրբեջանական կողմում հայտնված գերիների թվում են: Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել տվյալ երկրի Քրեական օրենսգրքի 4 հոդվածներով: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել էր հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կողմից քրեական հետապնդման նախաձեռնումը: