ՀՀ Սյունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ 2020թ.-ից նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից հեռահաղորդակցության օպերատորներին ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել և ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվում է 24 քրեական գործ: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։
«Դրանք վերաբերում են մարզի 23 համայնքի՝ Կապան համայնքի, Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրի, Մեղրի համայնքի Ագարակ և Ալվանք բնակավայրերի, Տաթև համայնքի Հարժիս բնակավայրի, Սիսիան համայնքի Անգեղակոթ, Շաքի, Թանահատ, Արևիս, Վաղատին, Աղիտու, Սոֆլու (Գ.Նժդեհ), Բնունիս, Ախլաթյան, Լոր և Դարբաս բնակավայրերի ու Գորայք համայնքի՝ Գորայք ու Սառնակունք բնակավայրների համայնքների նախկին կամ ներկայիս ղեկավարների (այդ թվում՝ ներկայիս վարչական ղեկավարների) կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ դեպքերին:
Ըստ քրեական գործերի նյութերի՝ սկսած 2006թ.-ից՝ համայքների ղեկավարների (վարչական ղեկավարների) կողմից պետական կամ համայնքապատկան գյուղատնտեսական նշանակության հողամասերը երբեմն ձևական մրցույթների միջոցով, փաստացի սիմվոլիկ վարձավճարներով վարձակալության են տրվել տարբեր անձանց, այդ թվում համայնքների ղեկավարների անմիջական մերձավորներին կամ ենթականերին: Ապա այդ հողամասերի փոքր մասը բազմապատիկ ավելի բարձր վարձավճարներով կապի կայանքների տեղադրման և շահագորշման նպատակով ենթավարձակալության են հանձվել կապի օպերատոր ընկերություններին: Արդյունքում հողամասերի վարձակալները տարիներ շարունակ համայնքային սեփականության հողամասերի օգտագործումից ստացել են խոշոր չափերով շահույթներ, իսկ համայնքները զրկվել են ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից:
Նշված գործերով հիշատակված համայնքներին պատճառվել է ընդհանուր 95.617.042 ՀՀ դրամի վնաս, որից վերականգնվել է 40.895.916 ՀՀ դրամը: Ակտիվ միջոցներ են ձեռնարկվում նաև վնասի մնացած մասը վերականգնելու ուղղությամբ: Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար քրեական գործերով 10 համայնքի նախկին ղեկավարի առաջադրվել են մեղադրանքներ: Եվս 1 քրեական գործ՝ 1 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որով կայացվել է մեղադրական դատավճիռ։ Մյուս ենթադրյալ հանցանք կատարած անձանց մասով նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ։