ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ դատախազության 2020թ․ գործունեության տարեկան հաղորդումը։
«2020թ․ ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26 հազար 468 դեպք։ 2019-ի համեմատ դրանք նվազել են 1,4 տոկոսով։ Էականորեն նվազել են բնակարանային գողությունների, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կաննոները հանցավոր կերպով խախտելու դեպքերը։ 2020թ․ ոչ էականորեն աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները։ Սպանության դեպքերն աճել են 3,4 տոկոսով»,-հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազը։
2020թ-ին 2019թ․-ի համեմատ 105-ով ավելի հանցագործություն է բացահայտվել։
«Հարկ եմ համարում անդրադառնալ ներքին անվտանգության ու կայունության, հասարակական կարգի պահպանության վրա ազդող մի կարևոր գործոնի վրա։ Ուսումնասիրությունները վկայում են, որ հանրային համերշախության, ներքին կայունության վրա էական բացասական ազդեցություն են ունենում ագրեսիայի և նման այլ դրսևորումների աճի տեմպերը։ 2020թ․ նոյեմբերի 9-ին հաջորդող ժամանակաշրջանում այդ վտանգներն ավելի ակնառու դարձան։ Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված պատերազմն էականորեն ավելացրել է ՀՀ տարածք ապօրինի զենք-զինամթերքի տեղափոխման, շրջանառման, հանցավոր նպատակներով դրանց օգտագործման ռիսկերը։ Վերոնշյալ իրողությունները, համեմված ատելության խոսքով, համեմված անարգել արտահայտվող վիրավորանքով, ավելացրել են հանցածին ռիսկերը, իրավակարգի սպառնալիքները»,-ասաց նա։
Արթուր Դավթյանի խոսքով, անհանդուրժողականությունը, վիրավորանքը հաճախ են վերածվում հանցագործության․ «Պատահական չէ, որ 2020 թվականին 44 տոկոսով ավելացել են սպանությամբ առողջությանը սպառնալու դեպքերը։ 33 տոկոսով ավելացել են նաև իշխանության ներկայացուցիչների նկատմամբ սպառնալիքները»։
Նա շեշտեց, որ թե՛ ժամանակակից աշխարհը, թե՛ Հայաստանը բախվել են նաև ֆեյքերի, ֆեյք լրատվության սպառնալիքին․ «Ժամանակն է ձեռնամուխ լինել տեղեկատվական անտվանգության հայեցակարգի մշակմանը»։
Մանրամասները՝ տեսանյութում․