Այսօր Գավառում տեղի ունեցած արյունոտ միջադեպի վերաբերյալ տեղեկություններ է հայտնել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ «Հայկական ժամանակի» հետ զրույցում մարզպետ հայտնել է, որ իրավիճակն այս պահին մարզում վերահսկվում է մեծ թվով իրավապահների կողմից. «Վիճակը կայունացել է, ոստիկանական մեծ ուժեր կան Գավառում, իրավապահ բոլոր կառույցներն աշխատում են»:
Հարցին՝ ինչպես է պատահել, որ ոստիկանական ուժերի կողմից հսկվող հիվանդանոց են ներխուժել ու վիրավորներին վնասվածքներ պատճառել սպանվածի հարազատները, մարզպետն ասել է, որ հիվանդանոց ներխուժածների թիվը եղել է 500-ից ավելի, ովքեր ջարդուփշուր են արել հիվանդանոցը: «Ես ու ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը այդ պահին գտնվել ենք դեպքի վայրում, եւ տեղեկությունները, թե ոստիկանապետը եղել է հիվանդանոցում՝ ներխուժման ժամանակ, իրականությանը չի համապատասխանում: Հիվանդանոց ներխուժած քաղաքացիները եղել են 500-ից ավելի, միաժամանակ ջարդել են հիվանդանոցի դռներն ու պատուհանները, սենյակները, տարբեր մուտքերից ներս են մտել»,-ասել մարզպետը, չբացառելով, որ ներխուժման հետեւանքով հնարավոր է լինեն նաեւ տուժած ոստիկաններ:
Նշենք, որ այս դեպքի վերաբերյալ դեռևս ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն չի տարածել:
Ավելի վաղ հայտնել էր դարձել, որ Գավառում հնչած կրակոցների հետևանքով 2 հոգի մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի՝ 2 հոգի էլ Երևանի հիվանդանոցներ: