Ապրիլի 12-ին Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող, այսպես կոչված, «ցուցահանդես-պուրակ» է բացվել: Այդ «Պուրակում» հայկական զինվորական տեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում: Դա արված է հնարավորինս լայն հրապարակայնություն ապահովելով: Armenia Today-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը շեշտել է Ադրբեջանի կողմից տարվող հոգեբանական պատերազմի մասին։
«Սա հայատյացության հերթական դրսևորումն էր՝ արդեն Ադրբեջանի ամենաբարձր՝ առաջին դեմքի մասնակցությամբ։ Հայատյացությունը մեզ համար նորություն չէ։ Ուղղակի այնքանով էր նորություն, որ այդ ամենը տեղի է ունենում այն ֆոնին, երբ Հայաստանում որոշակի շրջանակներ, այսպես ասած, խաղաղասիրության քարոզ են տանում։ Իրականում խաղաղություն ամենաշատը Հայաստանին է պետք։ Եվ հենց թուրքերն ու ադրբեջանցիներն են հայերին ընդունում որպես թշնամի, ինչը և չեն թաքցնում իրենց գործողություններում, իրենց վարվելակերպում և իրենց բառապաշարում։ Ալիևը կատարում է նաև այնպիսի քայլեր, որոնք նաև հոգեբանական պատերազմի շարունակության մասին են փաստում։ Սա համարում եմ հոգեբանական պատերազմ»,-ասաց մեր զրուցակիցը։
Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ մենք, ամեն դեպքում, այս ամենին պետք է սառնասրտությամբ մոտենանք։
«Հատկապես ՀՀ իշխանությունը և դիվանագիտությունն ամեն ինչ պետք է անեն՝ Ալիևի այս ցինիկությունը միջազգային ասպարեզում ի ցույց դնելու համար։ Այն բացահայտ ռասիզմ է՝ դրա բոլոր դրսևորումներով, որովհետև դատարկ սաղավարտները կտրած գլուխներ են խորհրդանշում։ Նոյեմբերի 10-ից հետո Ադրբեջանը հոգեբանական պատերազմի է անցել, որը տարբեր դրսևորումներ ունի։ Այդ հոգեբանական պատերազմի ամենամեծ դրսևորումը դեկտեմբերին տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ ցուցադրված մեր հայկական զինտեխնիկան էր։ Իսկ դրանից հետո ամենամեծ հոգեբանական ճնշումն այդ պուրակ կոչվածն է, որտեղ Ալիևը ցինիկաբար ցուցադրում է այդ ամենը»,-ասաց ն։
Մեր զրուցակիցը նշեց, որ հոգեբանական պատերազմի մաս են կազմում նաև Սյունիքի ճանապարհներին ադրբեջանական գրություններով ցուցանակները, կարճ տեսանյութերն ու հրապարակումները Հադրութի գյուղերից, ինչպես նաև Շուշիի պարիսպներից ցուցադրաբար կախված ադրբեջանական ու թուրքական մեծ դրոշները։
Կարեն Հովհաննիսյանը նշեց նաև, որ պետք է գործի դնել միջազգային ասպարեզում մեր կապերը։
«Ճնշումը միջազգային ասպարեզից պետք է լինի։ Մենք պետք է հենց այդտեղից կարողանանք ճնշում բանեցնել և ցույց տալ աշխարհին, որ հայատյացությունը շատ բարձր մակարդակի վրա է։ Այդպես մենք կարող ենք լեգիտիմացնել և արդարացնել մեր հետագա գործողությունները»,-եզրափակեց փորձագետը։