Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վերջին շրջանի հայտարարությունների և այդ հիմնախնդրի հետագա հեռանկարների շուրջ Armenia Today-ը մեկնաբանություն է խնդրել թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանից։
«Երբ Հայաստանն անկախացավ, Թուրքիան առաջին երկրներից մեկն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը, սակայն, այնուհետև, նախապայմաններ դրեց Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար»,-նշեց փորձագետը՝ հավելելով, որ այդ նախապայմաններն երկուսն են՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս և Հայոց ցեղասպանության հարցի շուրջ համաձայնությունը։
«Հենց այդ երկու նախապայմանները կատարելու պարագայում Թուրքիան կհամաձանի բացել հայ-թուրքական սահմանը և Հայաստանի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ։ Այդ նախապայմաններն արդեն 30 տարի է՝ չեն փոխվում, և կարող ենք ասել, որ չեն էլ փոխվելու, քանի որ թուրքական կողմը մշտապես պնդում է և պնդելու է դրանք»,-ընդգծեց Խուդավերդյանը՝ հավելելով, որ Հայաստանի բոլոր առաջնորդների առջև էլ Թուրքիան նույն նախապայմաններն է դրել։
Անդրդառնալով վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, թե այդ հարաբերությունների կարգավորման համար դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից, փորձագետը նշեց, որ վարչապետ Փաշինյանը պետք է հստակեցնի, թե ինչ դրական ազդակների մասին է խոսքը։ «Ես որքան հետևում եմ թուրքական մամուլին, դրական ազդակ որպես այդպիսին չեմ տեսնում։ Թուրքիան շարունակում է նախապայմանների լեզվով խոսել հայ-թուրքական հարաբերություններում»,-նշեց Խուդավերդյանը։
Հարցին, թե 44-օրյա պատերազմից հետո ի՞նչ նպատակներ են դրված թուրքական օրակարգում հայտնված «Հինգի պլատֆորմի» կամ «Վեցի պլատֆորմի» հիմքում, փորձագետն արձագանքեց. «Էրդողանն իր հայտարարություններում փորձում է այնպիսի դիրք բռնել, որ տարածաշրջանային հարցերում ստեղծվի մի ձևաչափ, որտեղ ներգրավված լինեն Ռուսաստանն ու Իրանը, բայց չմոռանանք, որ Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ։ Կարծում եմ, որ այդ հարթակները իմաստազուրկ են, քանի որ թուրքական քաղաքականությունը՝ որպես արևմուտքի քաղաքականության անբաժան մաս, մշտապես հակադրվում է Ռուսաստանի և Իրանի քաղաքականությանը»։
Ըստ փորձագետի՝ նման հարթակներն արդյունավետ չեն կարող լինել, քանի որ մեր տարածաշրջանում արևմուտք-արևելք հակամարտության համատեքստում Թուրքիան և Ռուսաստանն ունեն հակադիր շահեր։
Նշենք, որ կիրակի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարայի և Երևանի հարաբերություններում «միակողմանի մեղադրանքները պետք է փոխարինվեն իրատեսական մոտեցումներով»։ «Եթե Երևանը պատրաստ է շարժվել այդ ուղղությամբ, Անկարան կարող է աշխատանքներ սկսել Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման ուղղությամբ», – ասել էր Էրդողանը: