ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է 2021/2022 ուստարվա ընդունելության համար ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 2918 անվճար և 22 300 վճարովի տեղ, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
Մագիստրատուրայի կրթական ծրագրով (անվճար), առկա ուսուցմամբ առաջարկվում է հատկացնել 1391 տեղ, որից 1099-ը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին:
Բակալավրիատի ծրագրով` անվճար տեղերից 88-ը առաջարկվում է տրամադրել օտարերկրյա քաղաքացիներին, այդ թվում` 70 տեղ նախատեսված է սփյուռքահայ դիմորդների, 13 տեղ` միջպետական պայմանագրերով ընդունելության համար:
Միջպետական համաձայնագրի շրջանակում ևս 5 տեղ կհատկացվի Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետին` Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների ուսումնառության համար:
Բակալավրիատի կրթական ծրագրով Արցախի Հանրապետությանը հատկացված է 60 նպատակային տեղ (չհաշված ՀՀ ոստիկանության կրթահամալիրին և ՀՀ ԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային հատկացված տեղերը):
350 տեղ նախատեսվում է հատկացնել ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելության համար: Պահուստային տեղերի համար նախատեսվել է 62 տեղ:
Նախորդ տարիների նման այս տարի ևս առանձին ընդունելության տեղեր կհատկացվեն «Արարատյան բակալավրիատ» ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար: