«Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս + կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում այսօր մեկնարկել է եռօրյա աշխատաժողով՝ «Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման հայեցակարգի և իրավական փաստաթղթերի մշակում» խորագրով:
Միջոցառմանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, որը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, հիմնականում ներկայացրել է նախարարության տեսլականը՝ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում երրորդ մակարդակի (PhD) կրթությունը համընդհանուր խնդիր է:
Աշխատաժողովի առաջին օրը ծրագրի ԵՄ գործընկերները ներկայացրել են դոկտորական կրթության միջազգայնացման փորձը Լիտվայի, Իտալիայի, Պորտուգալիայի և Ֆրանսիայի օրինակով։
Ծրագրի անդամները՝ ՀՀ 8 բարձրագույն ուսումնական հաստատությունների և 2 գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներ՝ ինստիտուցիոնալ ղեկավարներ և հետազոտողներ, ներկայացրել են ծրագրի ընթացքում իրականացված հետազոտությունները, որոնց արդյունքում ձևավորվել են դոկտորական կրթության բարեփոխման առաջարկները և հայեցակարգային լուծումները։
Ներկայացված առաջարկները քննարկվել են առանձին աշխատանքային խմբերում՝ հստակեցնելով բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման և որակի ապահովման հայեցակարգի առանցքային դրույթները՝ Զալցբուրգի սկզբունքներին համահունչ։