Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում գերեվարված զինծառայողներին և քաղաքացիական անձանց:
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Նա նշեց, որ փետրվարի 1-ին և 2-ին տեսակցել են 4 անձի։
«Տեսակցած պատվիրակների ուշադրության կենտրոնում է գերիների հանդեպ վերաբերմունքը: Միջազգային կառույցը գերեվարվածների թիվ և ցուցակ չի հրապարակում, բայց պարբերաբար այցելում ենք նրանց, ում գերեվարման փաստն Ադրբեջանի իշխանությունը հաստատել է: Այդ տեղեկատվությունը մենք չենք հրապարակում, բայց ծնողներին հայտնում ենք իրենց որդիների մասին տեղեկատվությունը»,- ասաց Զառա Ամատունին։
Հիշեցնենք, որ վերջերս Բաքվից հայրենիք էին վերադարձել 5 գերիներ, որոնք Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են եղել: Ավելի վաղ ՀՀ էր վերադարձվել ևս 48 գերի: