ԱԺ-ում քննարկվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ նախագծի կարգավորման նպատակը հաշմանդամության սահմանման մոդելից ֆունկցիոնալության մոդելի անցումն է, որը հնարավորություն է ընձեռելու իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը դիտարկելու ըստ անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի:
«Օրենքի նպատակը հաշմանդամության գնահատման նոր մոդելի ներդրմամբ անձանց գնահատված կարիքին համարժեք ծառայություններ մատուցելու իրավական հենքի ստեղծումն է»,- ընդգծեց նախարարը։
Նախարարի խոսքով՝ ավարտական փուլում է գտնվում Արցախյան պատերազմի հետևանքով վիրավորում ստացած անձանց բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը:
«Առաջին կարգի հաշմանդամություն ստացածները 150-ն են: Երրորդ խմբի հաշմանդամության կարգ տրվել է մոտ 500 անձի: Այսինքն՝ ընդհանուր 1000 անձի հաշմանդամության խումբ է տրամադրվել»,- մանրամասնեց նա։
Նա նաև տեղեկացրեց, որ պրոթեզավորման կարիք ունի 120 անձ։ Այս պահին իրականացվել է կարիքների գնահատում։ Նախարարը վստահեցրեց, որ տրամադրվելու են միջազգային չափանիշներին համապատասխան պրոթեզներ։