Մեկնարկել է The Future Armenian (Ապագա հայկականը) հանրային նախաձեռնությունը։ Ռուբեն Վարդանյանը, որը հանդիսանում է նախաձեռնող խմբի անդամներից մեկը, մայիսի 4-ին Հանրային հեռուստաընկերության եթերում մանրամասն ներկայացրեց, թե որոնք են այս նախաձեռնության նպատակները։
Վարդանյանը, խոսելով հետպատերազմյան Հայաստանում առկա բացասական մթնոլորտի, քաղաքական ասպարեզում ստեղծված լարված հարաբերությունների, հանրության շրջանում առաջացած հիասթափության ու հասարակության երկատվածության մասին, այս դժվարին իրավիճակում կարևորեց առաջին հերթին ազգովի համախմբվելու անհարժեշտությունը։ Նա նշեց, որ պետք է միասնական լինել ու միահամուռ պայքարել ուժեղ, կայացած հայրենիք ունենալու համար, որի հետ հաշվի կնստեն ինչպես դաշնակից, այնպես էլ հակառակորդ երկրները։ Իսկ մինչ այդ նախ պետք է խմբավորել բոլոր խնդիրները, ապա մտածել դրանց լուծման մասին։
Վարդանյանի խոսքով՝ հենց այս ամենն էր մոտիվացիան, որ միմյանց շուրջ հավաքեց այնպիսի մարդկանց, որոնք կարող են ու ցանկանում են անել հնարավորն ու անհնարինը երկիրն այս ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար։
Նշենք, որ ծրագրի նախաձեռնող խմբում են Ռիչարդ Ազարնիան (Ֆրանսիա), Արթուր Ալավերդյանը (Հայաստան), Նուբար Աֆեյանը (ԱՄՆ) և Ռուբեն Վարդանյանը (Ռուսաստան)։ Ծրագրի մշակմանը և քննարկմանը մասնակցել են հարյուրավոր մարդիկ աշխարհի տարբեր երկրներից, և որին արդեն միացել են 380 հոգի, այդ թվում՝ Նիկոլա Ազնավուրը (Հայաստան), Կարո Արմենը (ԱՄՆ), Լևոն Արոնյանը (Հայաստան), Էնթոնի Բարսամյանը (ԱՄՆ), Գեորգի Դերլուգյանը (Արաբական Էմիրություններ), Ռուբեն Ենիկոլոպովը (Ռուսաստան), Ատոմ Էգոյանը (Կանադա), Էդուարդո Էռնեկյանը (Արգենտինա), Ջեյմս Թուֆենկյանը (ԱՄՆ), Ռուբեն Հարությունյանը (Ռուսաստան), Ռալֆ Յիրիկյանը (Հայաստան), Էրիկ Նազարյանը (ԱՄՆ), Ստաս Նամինը (Ռուսաստան), Ալիս Պետրոսյանը (ԱՄՆ), Մարի Փափազյանը (ԱՄՆ), Փոլ Փոլմանը (Շվեյցարիա), Արտյոմ Օգանովը (Ռուսաստան):
Ապագա հայկականը հանրային նախաձեռնությունը հռչակել է 15 նպատակ, որոնցից մեկը՝ պատմական պատասխանատվությունն է՝ հարգել Հայոց ցեղասպանության նահատակների, այն վերապրածների եւ նրանց փրկողների հիշատակը միջազգային իրազեկման եւ մարդասիրական աջակցության միջոցով՝ կանխարգելելու համար մարդկության դեմ բռնությունը, պայքարելու դրա դեմ եւ վերացնելու համար դրա հետեւանքները: