Կառավարությունում այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Հայաստանում անապահովության գնահատման և սոցիալական աջակցության նոր մոտեցման հայեցակարգը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Անդրադառնալով հայեցակարգին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում գործող անապահովության գնահատման և սոցիալական աջակցության համակարգը՝ գիտակցորեն, թե ենթագիտակցորեն, ուղղված է եղել աղքատության կոնսերվացմանը կամ պահպանմանը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ գաղափարական տրանսֆորմացիան, որը առաջարկվում է հետևյալն է.
«Մենք ուզում ենք, որ համակարգը մարդուն օգնի հաղթահարել աղքատությունը, ոչ թե մնալ աղքատության սահմաններում»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:
Վարչապետը նշել է, որ համակարգը կուզի, որ աղքատը շարունակի մնալ աղքատ, որպեսզի առաջիկա ընտրություններին հակված լինի վերցնել 5000, 10000 դրամ և գնալ ու քվեարկել այդ 5000 կամ 10000 դրամը տվող ձեզ հայտնի ուժերի և թեկնածուների օգտին:
Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ իշխանությունը շահագրգռված է, որ աղքատության մեջ հայտնված մարդը հաղթահարի աղքատությունը մի պարզ պատճառով՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պետք է ձևավորվի բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցել է, որ վարչապետի որոշմամբ՝ 2019թ. փետրվարին ստեղծված աշխատանքային խմբի կողմից մեկ տարում մշակվել են առաջարկություններ, մասնավորապես, ֆինանսական աջակցության կարիքի գնահատման և տրամադրման սկզբունքների վերաբերյալ: Ակնկալվում է, որ առաջարկվող փոփոխություններն ավելի օբյեկտիվ, ինքնաշխատ և հասցեական կդարձնեն անապահովության գնահատման չափանիշները: Աշխատանքային խմբի ներկայացուցիչների կողմից նշվել է, որ անապահովության գնահատման և սոցիալական աջակցության նոր համակարգը միտված է լինելու 4 սոցիալական կարիքի բավարարմանը՝ նյութական ապահովվություն, առողջապահություն, կրթություն և բնակարանային պայմաններ: Նոր հայեցակարգով առաջարկվում է գործող՝ սպառման կարիքի վրա հիմնված անապահովության գնահատումից անցում կատարել եկամտի վրա հիմնված կամ նվազագույն երաշխավորված եկամտի մեթոդով անապահովության գնահատման:
Նշվել է, որ եկամտի վրա հիմնված անապահովության գնահատման նոր մեթոդը հաշվի է առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են ընտանիքի զբաղվածության և ժողովրդագրական ներուժը, նվազագույն սպառողական զամբյուղը, ոչ ֆորմալ տնտեսությունը և այլն: