Հոկտեմբերի 21-ին Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի բերովի դեպք: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
Ըստ տարածված հայտարարության՝ հիվանդը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 6-ին՝ Ռուսաստանի Դաշնությունից:Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ կլինիկական երևույթներն ի հայտ են եկել հոկտեմբերի 15-ին՝ ջերմության բարձրացումով, իսկ հոկտեմբերի 21-ից սկսել է մարմնի ցանավորում: Հիվանդը հոկտեմբերի 20-ին դիմել է «Արաբկիր» Բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, կատարվել է լաբորատոր հետազոտություն և հիվանդի մոտ հաստատվել է կարմրուկ, հիվանդը տեղափոխվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց:
Հիշեցնենք, որ Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը կայուն է, սակայն տարվա սկզբից գրանցվել է լաբորատոր հաստատված բերովի 7 դեպք, որոնք համաճարակաբանորեն կապվում են Ուկրաինայի, Վրաստանի և Ռուսաստանի հետ: