Երևանի Կարապի լճի տարածքում, սեպտեմբերի 27-28-ը արդեն երրրորդ անգամ կանցկացվի սուրճի և թեյի ամենամյա փառատոնը: Փառատոնի կազմակերպիչներն են «Պրոմ Էքսպո» և «Ազդ» ընկերությունները։
Armenia Today-ին «Պրոմ Էքսպո» ընկերության գործադիր տնօրեն Արման Զաքարյանը հայտնում է, որ փառատոնին մասնակցելու են շուրջ 52 կազմակերպություններ։ Հատուկ տեղադրված տաղավարներում հյուրերին հնարավորություն է տրվելու մասնակցել թեյախմության արարողությունների, որոնք կանցկացվեն յուրահատուկ կերպով՝ հարմարեցվելով այս կամ այն երկրի ավանդույթներին։ Փառատոնի ուշադրության կենտրոնում կլինեն նաև հայկական դեղաբույսային և լեռնային թեյերն ու խոհարարական պարագաները:
Փառատոնի մեկնարկի օրը կանցկացվի Հայ բարիստաների առաջնություն, որը կգնահատի միջազգային ժյուրին: Մասնակիցը պետք է 15 րոպեների ընթացքում հասցնի ներկայացնել իրեն և պատրաստել 4 բաժակ էսպրեսո, 4 բաժակ կապուչինո, 4 բաժակ հայկական սուրճ ավազի վրա և 4 բաժակ իր հեղինակած սրճային խառնուրդը:
Փառատոնի շրջանակներում անցկացվելու են նաև գուշակություններ սուրճի մրուրով։ Փառատոնն ուղեկցվելու է երգ ու պարով։ Լինելու է նաև DJ։ Տեղում կկազմակերպվի նաև սուրճի և թեյի հուշանվեր-բաժակների վաճառք:
Կազմակերպիչները սիրով հրավիրում են մասնակցելու փառատոնին, քանի որ այն հիանալի հնարավորություն է ուղևորվելու սուրճի ու թեյի կախարդական աշխարհ, մասնակցելու մրցույթների ու լսելու կենդանի երաժշտություն: