ՀՀ կառավարության որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող 13 արգելոց-թանգարանների շարքին կավելանան ևս երկուսը՝ «Դաշտադեմ ամրոցը»՝ Արագածոտնի մարզում, և «Մայրաքաղաք Դվինը»՝ Արարատում: Դրանք հանրապետական նշանակության հուշարձաններ են և ընդգրկված են Պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Արգելոցների հետագա պահպանությունն ու շահագործումն իրականացնելու է «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը՝ արտաբյուջետային միջոցների հաշվին:
«Հայաստանը հարուստ զբոսաշրջային ներուժ ունեցող երկիր է, և արգելոցների ստեղծումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանն ու զբոսաշրջիկների թվի աճին՝ միջազգային տուրիզմի շուկայում որոշակի դիրք զբաղեցնելու հեռանկարով: Նախագծի նպատակն է նաև ապահովել արգելոցների (ինչպես ՀՀ մյուս հնավայրերի) պահպանության, գիտական ուսումնասիրման, հանրահռչակման և օգտագործման սկզբունքների միասնականությունը, շահառուների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումը»,- նշված է հայտարարության մեջ։