Կառավարությունն այսօր «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում անելու վերաբերյալ որոշում ընդունեց։
Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2021 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպման և իրականացման հանգամանքով: Միջոցառման նպատակն է՝ հայկական կինոարվեստի արժևորումը, հանրահռչակումը, ճանաչելիության բարձրացումը, նաև կինոմշակույթի զարգացումն ու միջազգային համագործակցության խթանումը։
Հիմնավորման մեջ նշվում է, որ «Կինոյի զարգացման Ոսկե Ծիրան» հասարակական կազմակերպության հայտադիմումի նախահաշվային արժեքն է` 49,997.5 հազ. ՀՀ դրամ: Հատկացված միջոցները բավարար չեն «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատշաճ կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ են հավելյալ ֆինանսական միջոցներ:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փորձերի և համերգների համար զբաղեցրել է մարզահամերգային համալիրի դահլիճը 19 օր: Փորձերի և համերգների ընթացքում գազամատակարարման ծախսը կազմել է 5050,0 հազար դրամ (36071 խմ), էլեկտրաէներգիայի ծախսը՝ 4800,0 հազար դրամ (136487 կվտ ժամ): Մարզահամերգային համալիրը հնարավորություն չի ունեցել վճարել նշված ծախսերը և կատարել համապատասխան պայմանագրային պարտավորությունները:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատշաճ կազմակերպման և անխափան իրականացման և «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության 2020 թվականի գազամատակարարման և էլեկտրաէներգիայի գծով առաջացած պարտքերը վճարելու նպատակով առաջարկվում է՝ ֆինանսական հատկացումներ 36820,0 հազար դրամի չափով (ներառյալ ԱԱՀ) տրամադրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ընդհանուր բյուջետային հատկացումների հաշվին` վերաբաշխում կատարելու միջոցով: