Այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 02։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են 27-ամյա Ռուբեն Գրիգորյանի վարած Opel մակնիշի և ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված UAZ Pickup մակնիշի ավտոմեքենաները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բախման հետևանքով UAZ Pickup-ը կողաշրջվել է։ Վթարի հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 28-ամյա Նարեկ Խ․-ն, 23-ամյա Գրիշա Ս․-ն, 30-ամյա Հրաչ Թ․-ն, 26-ամյա Սերյոժա Ս․-ն և ևս 1 հոգի։ Ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խմբերը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է ոչ սթափ, ու քանի որ կողաշրջված ավտոմեքենան հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում, մահացածն ու վիրավորները, ինչպես նաև Opel-ի վարորդը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասերում, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արարատի և Վայոց Ձորի մարզերի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ռոլանդ Օղիկյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական վարչության քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ, պարզվում է մահացածի ինքնությունը։