2021թ. հուլիսի 14-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան, Արմավիր-Երևան ավտոճանապարհով երթևեկելիս կորցնելով կառավարումը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինիս վարորդը և «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը, ովքեր ոստիկանության Վաղարշապատի պահպանության բաժնի աշխատակիցներ են, տեղում մահացել են: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ մանրամասներ հայտնելով երեկ տեղի ունեցած ողբերգական վթարից, որի մասին հայտնել էինք ավելի վաղ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: