ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում ՀՀ-ում հայտարարված ռազմական դրություն ժամանակ լայն սպառման ապրանքների իրացման պայմանների՝ ներառյալ գների, ինչպես նաև դրանց պաշարների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և գնահատման նպատակով ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք ս.թ.սեպտեմբերի 27-ից սկսած խոշոր առևտրային ցանցերում՝ «ՍԱՍ», «Էվրիկա», «Երևան Սիթի», «Նոր Զովք» առևտրի կետերում, իրականացրել են ամենօրյա մշտադիտարկում շուրջ 31 ապրանքային խմբի գծով (շուրջ 106 ապրանքատեսակ)։ Այս մասին հայտնել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։
«Մշտադիտարկումների ընթացքում արձանագրված գնային բարձրացումների պատճառների բացահայտման, ինչպես նաև այդ թանկացումների հիմնավորվածությունը պարզելու և գնահատելու նպատակով Հանձնաժողովի կողմից իրականացվել է բազմակողմանի ուսումնասիրություն, միաժամանակ ուսումնասիրվել է նաև այդ ապրանքատեսակների միջազգային գների դինամիկան: Հանձնաժողովի կողմից դիտարկվել են նշված ապրանքների մանրածախ իրացման գները, համադրվել են նախորդ օրվա տվյալների հետ և գնային բարձրացումներ արձանագրվելու դեպքում առանձին ապրանքատեսակների գծով իրականացվել են ուսումնասիրություններ։
Բացի այդ, Հանձնաժողովը դիմել է ներմուծում և արտադրություն իրականացնող շուրջ 32 խոշոր ընկերությունների, ամենօրյա կտրվածքով հավաքագրել է շուրջ 20 ապրանքային խմբի (ներառում է 129 ապրանքատեսակ) մեծածախ իրացման գների և պաշարների մնացորդների վերաբերյալ տեղեկատվություն»:
Նշենք, որ հաջորդիվ կներկայացվեն ալյուրի և ձվի գների ուսումնասիրության արդյունքները: