Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան Իրանին կոչ են արել անհապաղ դադարեցնել ուրանի հարստացումը մինչեւ 20 տոկոս:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այս մասին ասվում է երեք երկրների համատեղ հայտարարության մեջ, որը չորեքշաբթի տարածել է Միացյալ Թագավորության ԱԳՆ-ն:
«Մենք խորապես մտահոգված ենք, որ Իրանը հունվարի 4 – ին սկսել է Ֆորդոյի ստորգետնյա հարստացուցիչ ձեռնարկությունում ուրանի մինչեւ 20 տոկոս հարստացումը», – ասված է փաստաթղթում: Նշվում է, որ դա Թեհրանի կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ուղղակի խախտում է:
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն հաստատել էր, որ Իրանում սկսվել է ուրանի հարստացումը մինչեւ 20 տոկոս: Հունվարի 1-ին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին տեղեկացրել է ՄԱԿ-ի գործակալության Կառավարիչների խորհրդին՝ մինչեւ 20 տոկոս ուրանի հարստացում սկսելու Իրանի մտադրության մասին: Հունվարի 4-ին Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիան հայտարարել էր, որ Թեհրանը Ֆորդոյի օբյեկտում սկսել է ուրանի հարստացման գործընթացը մինչեւ 20 տոկոսի մակարդակ: