Լեռնային Ղարաբաղում սահմանների հետ կապված հարցերը լուծելի են, չնայած հարցի բարդությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, որի վերաբերյալ մանրամասներ է հաղորդում է TACC-ը։
«Մեր համոզմամբ, ամեն ինչ պարզ չէ, բայց ամեն ինչ լուծելի է։ Ռազմական փորձագետները դիվանագետների հետ կարող են պայմանավորվել փոխընդունելի հանգուցալուծումների շուրջ»,- ասել է Լավրովը։
Ինչպես նշել է նախարարը, Ռուսաստանը կշարունակի իր ներդրումն ունենալ այն հարցում, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունները կատարվեն, ինչպես ինքն է նշել, կառուցողական արդյունքի հասնելու համատեքստում։
Լավրովը նաև ասել է, որ ՌԴ-ն աջակցում է Լեռնային Ղարաբաղում աշխատելու պատրաստ բիզնեսին. «Մենք խրախուսում ենք մեր ընկերություններին մասնակցել վերականգնողական աշխատանքներին, բոլոր ծրագրերին»։
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ Լավրովը կարծում է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ստեղծումը կարող է հիմք դառնալ Բաքվի և Երեւանի հարաբերությունների բարելավման համար:
«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Կարծում ենք, որ տնտեսական ասպեկտների վրա կենտրոնանալու համատեղ աշխատանքը ձգձգված հակամարտությունից դուրս գալու համար օպտիմալ շրջանակներ է ստեղծում», – ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Լավրովը շեշտել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած աշխատանքային խմբի շրջանակներում պարբերաբար հանդիպումներ են լինում, որտեղ քննարկվում են Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին առաջնորդների պայմանավորվածության հետ կապված գործնական ասպեկտները։ Նրա խոսքով, այն տրանսպորտային պոտենցիալ շատ լուրջ հանգույց է, որը մեծ նշանակություն կունենա։
Լավրովի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է պայմաններ ստեղծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանման գործում:
«ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ որպես կազմակերպություն, որը պատասխանատու է միջազգային մշակութային ժառանգության պահպանման համար, նույնպես շահագրգռված է մասնակցել այդ աշխատանքին։ Մենք պատրաստ ենք աջակցել այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք դա հնարավոր կդարձնեն նշվածը։ Բնականաբար, այդ առումով մենք պետք է հաշվի առնենք պայմանավորվածությունները, շահագրգիռ կողմերի դիրքորոշումը»,-ասել է Լավրովը։
Նա կարևորել է պատերազմի հումանիտար հետեւանքների լուծման հետ կապված հարցերը։
Իր հերթին Իլհամ Ալիևը նշել է Ռուսաստանի հետ իր երկրի հարաբերություններում դրական դինամիկայի շարունակականության մասին։
«Բաքու կատարած Ձեր վերջին այցից կես տարի անց մենք կարող ենք գոհունակությամբ արձանագրել մեր հարաբերություններում դրական դինամիկայի շարունակությունը», – ասել է նա՝ Լավրովի հետ հանդիպման ժամանակ:
Ալիևը հայտնել է, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանն ակտիվ աշխատանք է տանում տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման համար։
«Վերջերս տեղի ունեցավ երեք երկրների փոխվարչապետների եռակողմ հանդիպումը, որի ընթացքում, կարծում եմ, կարևոր քայլեր արվեցին համատեղ հայտարարության կարեւոր կետի՝ տրանսպորտային միջանցքների բացման ուղղությամբ։ Մենք մեր կողմից ակտիվ աշխատանք ենք տանում երկաթուղային ենթակառուցվածքի և ավտոճանապարհային ենթակառուցվածքների վերականգնման գործում։ Կոնկրետ ժամկետներ ենք նախանշել», -ասել է նա։
Հիշեցնենք, որ Արցախում մարտական գործողություններն իրականացվել են 2020թ.սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում: Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Տարածաշրջանում տեղակայվել են ռուս խաղաղապահներ։ 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները եռակողմ հայտարարություն ստորագրեցին՝ կապված տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ։