Ստամբուլի Բեյօղլու թաղամասում հունիսի 3-ին Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, «Երկաթե բռունցք» մականունով հայտնի Կարպիս Զաքարյանի հիշատակին նվիրված ցուցահանդես է բացվել։ Հանրությանն են ներկայացվել Զաքարյանի լուսանկարներն ու իրերը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, Բեյօղլուի համայնքապետ Հայդար Ալի Յըլդըզը, Թուրքիայի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Էյուփ Գյոզգեչը, Զաքարյանի հարազատները և այլք:
Նշվում է, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 10-ը:
Կարպիս Զաքարյանը մահացել է 2020 թվականի հունվարի 25-ին ՝ 90 տարեկան հասակում ։
Իր երկարամյա բռնցքամարտի կարիերայի ընթացքում նա անցկացրել է 200 սիրողական եւ 51 պրոֆեսիոնալ մենամարտ ՝ կրելով ընդամենը երկու պարտություն:
1948 թվականին Կարպիս Զաքարյանը դարձավ Թուրքիայի չեմպիոն մինչև 48 կգ քաշային կարգում, իսկ 1951 թվականին դարձավ երկրի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը: 1960թ. – ից Զաքարյանն աշխատել է որպես պրոֆեսիոնալ մարզիչ։
Կարպիս Զաքարյանին հուղարկավորել են Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատանը։