Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ինը կիլոմետրանոց թունելի և Քվեշեթի-Կոբի նոր ճանապարհի կառուցումը դարի նախագիծ է անվանել: Sputnik Georgia-ի փոխանցմամբ ՝ այս նախագծի իրականացումը հնարավորություն կտա Թբիլիսիից Կազբեգի հասնել ընդամենը մեկուկես ժամվա ընթացքում: Նշվում է, որ Վրաստանը և Ռուսաստանը կապող վրացական ռազմական մայրուղու վրա թունելի կառուցումը թույլ կտա, որ հայ փոխադրողներն օրեր շարունակ չմնան Վերին Լարսի անցակետի ճանապարհին:
«Սա իսկապես դարի նախագիծ է, քանի որ այս ճանապարհը փակ է տարեկան հարյուր օր: Ըստ այդմ՝ այս նախագիծը կարևոր է ինչպես մեր երկրի, այնպես էլ բնակչության և ամբողջ տարածաշրջանի համար»,- ասել է Ղարիբաշվիլին օգոստոսի 10-ին Քվեշեթի-Կոբի թունելի շինարարության մեկնարկի արարողության ժամանակ:
«Սա Անդրկովկասի ամենամեծ թունելն է, որի երկարությունը կազմում է ինը կիլոմետր և իր պարամետրերով եզակի է ամբողջ աշխարհում»,- ասել է Ղարիբաշվիլին: Ծրագրի արժեքը 1,2 մլրդ լարի է:
Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել դոնոր կազմակերպություններին, Ասիական զարգացման բանկին և շինարարական ընկերությանը` թունելի կառուցման գործում ցուցաբերած աջակցության համար: