ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար, Menu Group սննդի առաքման ծառայության հիմնադիր Վահան Քերոբյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ նշել էր, որ Հայաստանի համար կբացվեն թուրքական նավահանգիստները և հնարավոր է, նաև ադրբեջանական շուկան։
Թեմայի շուրջ Armenia Today-ը զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ
-Պարոն Պարսյան, Էկոնոմիկայի նորանշանակ նախարարն առանց հստակ քայլերի և գործիքակազմ մատնանշելու հայտարարել է, որ կարճ ժամանակահատվածում վերակագնելու է տնտեսությունը։ Հնարավո՞ր է կարճ ժամանակահատվածում վերականգնել անկում ապրող տնտեսությունը՝ հաշվի առնելով կորոնավիրուսով և պատերազմով պայմանավորված խնդիրները։
-Կարծում եմ, որ նման հայտարարություն անելուց առաջ, պետք է ծանոթանալ Հայաստանի տնտեսության խնդիրներին և մարտահրավերներին, որոնք ավելացել են՝ պայմանավորված նոյեմբերի 9-ի ստորագրած խայտառակ հայտարարությամբ։ Մի շարք կազմակերպություններ այլևս աշխատելու հնարավորություն չեն ունենա, նրանք կարող են նաև սահմանափակել իրենց գործունեությունը։ Դա ուղղակի կազդի մեր տնտեսության վրա, պետական բյուջեի եկամուտների հավաքագրման, աշխատատեղերի վրա։ Միանշանակ կարևոր է, որ բիզնեսին և հանրության դրական ազդակներ են փոխանցվում։ Դրանք, սակայն, չպետք է լինեն չափից շուտ և շատ։ Հակառակ դեպքում դրան կարող են հետևել կտրուկ հիասթափությունները։ Եթե այս կամ այն պետական պաշտոնյան նման հայտարարություն է անում, պետք է նաև դրա համար պատասխանատվություն ստանձնի։ Խոսքը քաղաքական պատասխանատվության մասին է։ Եթե նախարարը դեռ չի հասցրել խնդիրներն առանձնացնել, միանշանակ չի կարող մեխանիզմներ և քայլեր առաջարկել, որոնք թույլ կտան լուծել առկա խնդիրները և տնտեսական աճ ապահովել։ Սրանք զուտ հայտարարություններ են, ցանկություններ։ Նման հայտարարությունները հետագայում կարող են բացասական հետևանքներ առաջացնել, քանի որ լուրջ ներդրողները հասկանում են՝ նման մտքեր արտահայտող պաշտոնյան իրականությունից կտրված է, և նրան չեն վստահի։
-Վահան Քերոբյանի մեկ այլ արտահայտություն, կապված մեր երկրի համար թուրքական նավահանգիստների բացման հետ, բավականին բուռն քննարկվեց։ Մի կողմից կառավարությունը սահմանափակում է թուրքական ապրանքների մուտքը, մյուս կողմից ճանապարհնե՞ր բացում։ Իրատեսակա՞ն եք համարում։
–Ճիշտ գնահատեցիք, որ Կառավարությունը որոշել է սահմանափակել թուրքական ապրանքների մուտքը, իսկ դրան զուգահեռ ասում է, որ թուրքական նավահանգիստները բաց կլինեն մեզ համար։ Սրանք միմյանց հակասող հայտարարություններ են։ Կարծում եմ՝ նման նպատակներ ունեցող մարդը պետք է ավելի խոր տիրապետի իրավիճակին։ Նույն թուրքական ապրանքների ներկրման արգելքի դեպքում մենք պետք է դրան փոխարինող ապրանքներ ունենանք՝ թե՛ տեղում արտադրվող, թե՛ դրսից ներկրվող։ Ո՛չ մեկի, ո՛չ մյուսի վերաբերյալ մենք առ այսօր որևէ տեղեկություն չունենք։ Դիցուկ, եթե թույլ չենք տալիս, որ թուրքական հագուստ ներկրվի, որտեղից ենք այդ բացը լրացնելու՝ տեղակա՞ն արտադրության, թե՞ Չինաստանից կամ այլ երկրներից ներկրումների միջոցով։ Նույնը կարող ենք ասել մնացած ապրանքախմբերի մասին։ Կստացվի, որ մենք կարգելենք թուրքական ապրանքների ներկրումները, բայց այլընտրանք չենք ունենա, ինչի հետևանքով թուրքական ապրանքների գները կաճեն։ Չի բացառվում, որ հնարավոր է նաև այդ ապրանքները մաքսանենգ ճանապարհով ներկրվեն։ Այս մարտահրավերների դեմը պետք է առնել։ Վրաստանի Փոթիի և Բաթումի նավահանգիստներն այնքանով են մեզ համար հարմար, որ երկաթուղային ճանապարհով այդ բեռները կհասնեն նավահանգիստ։ Բացի այդ, այդ նավահանգիստներն ավելի մոտ են, քան թուրքականը։ Չափից շատ նման լավատեսական հայտարություններ անելուց առաջ պետք է նշել, թե հնարավոր թուրքական նավահանգիստները որոնք պետք է լինեն, ինչ գներով են սպասարկելու հայկական ընկերություններին, ով է այդ նավահանգիստներում պահպանելու մեր բիզնեսի անվտանգությունը։ Նման խոսքեր հնչեցնելուց առաջ պետք է ունենալ միջպետական համաձայնագրեր։ Վստահաբար կարող եմ ասել, որ նախարարը և իր թիմն ի վիճակի չեն լինելու նույնիսկ մեկ- երկու տարվա ընթացքում այդ փաստաթղթերը պատրաստել։
-Նախարարն ասել էր, որ Ադրբեջանի շուկան մեզ համար հասանելի կլինի, մերն՝ իրենց։ Սա նույնպես միանշանակ չընդունվեց։ Կբացվե՞ն այդ ճանապարհները և հնարավոր ի՞նչ ռիսկեր կլինեն։
–Ադրբեջանի արտահանման 90 տոկոսը նավթային, գազային ապրանքներն են։ Մենք գազն ավելի էժան ենք ՌԴ-ից ձեռք բերում, քան Ադրբեջանն է վաճառում։ ՌԴ-ից դիզվառելիք ենք գնում, որը համապատասխանում է ԵԱՏՄ ստանդարտներին։ Ադրբեջանից արտահանվող երկրորդ խոշոր ապրանքախումբը բանջարեղենն է և մրգերը։ Արդյոք Ադրբեջանի մրգի և բանջարեղենի պահանջարկ կա՞։ Առանց այն էլ թուրքական լոլիկի և վարունգի ներկրումների պատճառով ջերմոցային տնտեսությունները մեծ վնասներ են կրում։ Եթե մի հատ էլ ներկրումներ լինեն, մեր գյուղատնտեսական շուկան կարող է փլուզվել, ինչը տեղի ունեցավ Վրաստանում։