ՀՀ կառավարությունը ներդրումային ծրագրերը խթանելու համար իրավասու է հավանության արժանացած ներդրումային ծրագրի համար 3 տարով հետաձգել ներմուծված ապրանքի ավելացված արժեքի հարկը։
Այս մասին ԱԺ նիստի ժամանակ Կառավարության կողմից ներկայացված որոշ ապրանքատեսակների համար ՀՀ սահմանին ԱԱՀ չգանձելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։ Նա կարծում է, որ դա խնդիր է առաջացնում այն առումով, որ ներդրումային ծրագրեր իրականացնելիս գործարարը որոշակի անորոշությունների է բախվում՝ կհաստատի՞ կառավարությունն այդ ծրագիրը, թե ոչ։
«Մենք առաջարկում ենք սահմանին ԱԱՀ չգանձվի։ Դրա արդյունքում մենք կնվազեցնենք վարչարարությունը և կավելացնենք ներդրումային ծրագրեր իրականացնելու հստակությունը»,- ասաց Ավանեսյանը։
Ինչպես հակադարձեց ԱԺ «Իմ քայլ»-ը դաշինքի պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ իրեն ավելի շատ հետաքրքրում է, թե ներմուծումից հետո ի՞նչ արդյունք են ցուցաբերել ներկայացված ցանկի ընկերությունները, որ հասկանալի լինի, թե Կառավարությունը կշարունակի՞ արտոնություններ տրամադրել դրանց, թե՞ ոչ։
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանն էլ հիշեցրեց, որ ապրանքները, որոնց համար առաջարկվում է կիրառել օրենքը, չեն արտադրվում ՀՀ-ում, բայց դրանց պահանջարկը կա, ուստի հանձնաժողովը հարցին տվել է դրական եզրակացություն։