Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ այսօր խորհրդակցություն է անցկացրել Էկոնոմիկայի նախարարությունում: Նա իր խոսքում նախ անդրադարձել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի՝ Հայաստանի որդեգրած քաղաքականությանը, նշելով, որ բոլորը քննադատում էին իրենց, ասելով, որ այս իշխանությունն ի վիճակի չէ ճգնաժամային կառավարում իրականացնել, ի ցույց էին դնում այլ երկրների փորձը, թե ինչպես է պետք տանել պայքարը, իսկ իրենք պատասխանում էին, թե այս պատմությունն ավարտված չէ, և ժամանակը ցույց կտա՝ որքանով է կառավարության հակահամաճարակային պայքարն արդյունավետ, և այսօր ունենք մի իրավիճակ, որ պետք է մյուսներին ի ցույց դրվի, թե ինչպես է պետք պայքարել կորոնավիրուսի դեմ:
Ապա վարչապետն անդրադարձավ արցախյան պատերազմի հետևանքներին՝ նշելով.
«Կորոնավիրուսին ավելացած պատերազմի ամենամեծ մարտահրավերը մակրոտնտեսական փլուզումն էր: Կարևոր է արձանագրել, որ կարողացանք պահպանել մակրոտնտեսական կայունությունը, որի միջազգային ճանաչումը եվրոպարտատոմսերի թողարկումն էր: Ամենատեսանելի և շոշափելի գնահատականն ինստիտուցիոնալ ներդրողների մոտեցումն է, երբ երկրին, կառավարությանը վստահում են իրենց ներդրումները: Ի վերջո, սա վստահության կարևոր ցուցիչ է: Այս թողարկումը հաջողվեց իրականացնել Հայաստանի պատմության համար ամենացածր տոկոսադրույքով: Սա նշանակում է, որ ինստիտուցիոնալ ներդրողները հավատում են Հայաստանի տնտեսական, ինչպես նաև քաղաքական ապագային»,-նշել է նա։ Վարչապետն ընդգծեց, որ Էկոնոմիկայի նախարարության դեակատարումն առանցքային է տնտեսության վերականգնման, ստեղծված իրավիճակից դուրս գալու առումով, ուստի այսօրվա հանդիպմանը պետք է քննարկեն իրենց առաջիկա անելիքները: