ՀՀ տնտեսությունն արագ վերականգնվում է։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ վստահեցրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Գալստյանն անդրադարձավ 2020թ-ին կորոնավիրուսային համավարակով, ռազմական դրության հայտարարմամբ պայմանավորված դժվարությունների ու ԿԲ համարժեք արձագանքներին: Գալստյանը հայտարարեց, որ նախորդ տարեվերջից սկսած՝ ՀՀ-ում գնաճն էականորեն արագացել է։
«Գնահատվում է, որ գնաճային միտումները հիմնականում պայմանավորված են միջազգային ապրանքահումքային շուկաներից փոխանցվող և դրամի արժեզրկմամբ դիտարկվող առաջարկի մեկանգամյա գործոններով, ուստի այն կրում է ժամանակավոր, կարճաժամկետ բնույթ, և տարեվերջից կնվազի ու կմոտենա մեր նպատակային 4 տոկոս ցուցանիշին»,- նշեց նա։
Գալստյանը հավելեց, որ ըստ 2021 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի՝ կորոնավիրուսի համավարակի շարունակվող տարածման և տնտեսական հեռանկարի հարցում կուտակված մեծ անորոշությունների պայմաններում ՀՀ-ում դեռևս շարունակվում է պահպանվել ցածր տնտեսական ակտիվություն և պահանջարկի թույլ միջավայր։
Մարտին Գալստյանի խոսքով՝ ԿԲ առաջին եռամսյակի կանխատեսումների համաձայն՝ 2021 թվականին կշարունակվի համախառն պահանջարկի դանդաղ վերականգնումը՝ համավարակի վերջնական հաղթահարման, ինչպես նաև տնտեսական հեռանկարի հետ կապված անորոշությունների պայմաններում:
ԿԲ նախագահը նաև մատնանշեց, որ դրական զարգացումներն առավել տեսանելի են եղել արդյունաբերության և ծառայությունների ճյուղերի թողարկումներում, իսկ ներքին պահանջարկի սպասվածից արագ տեմպերով վերականգնմանը հիմնականում նպաստել են արտերկրից դրամական փոխանցումների և տնտեսության վարկավորման ավելի դրական զարգացումները: