Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը Կառավարության հունիսի 10-ի նիստում ներկայացրեց ծրագիր, որով առաջարկվում է փոփոխություն կատարել պետական կենսաթոշակների տրամադրման կարգում։
Նշված փոփոխությունների համաձայն՝ 2021 թվականի հուլիսի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կենսաթոշակները կվճարվեն անկանխիկ եղանակով՝ բանկի կամ ազգային օպերատորի միջոցով։ Բացառություն կկազմեն օրենքով նախատեսված դեպքերը, երբ կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, լրացել է թոշակառուի 75 տարին։
Ինչպես նշեց Ստեփանյանը՝ կենսաթոշակառուի կյանքում այս փոփոխությունից ոչինչ չի փոխվելու, քանի որ անցումը կատարվելու է ինքնաշխատ եղանակով։
Կենսաթոշակառուի միակ գործողությունն այն է, որ պետք է ընրություն կատարի ազգային օպերատորի և բանկի միջև։
Ինչպես նիստի ժամանակ ասաց ԿԲ տնօրեն Մարտին Գալստյանը՝ կանխիկից անկանխիկի անցումը մեծ առաջընթաց կապահովի տնտեսության համար։ Նա նշեց, որ աշխատանք է տարվում հեռավոր գյուղերում գումարի կանխիկացման խնդրի վերաբերյալ, ինչը լուծելի հարց է։
Ինչպես նշեց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, օրենքն ընդունելուց հետո հարկ կլինի կատարել իրազեկման աշխատանքներ, որպեսզի կենսաթոշակառուները հասկանան իրենց հետագա գործողությունները, ինչպես են օգտվելու քարտերից։
Իսկ Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը կարևորեց կանխիկի շրջանառության կրճատումը, որը կբերի ստվերային տնտեսության վերահսկման ու կանխարգելման։