Փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց «Էնթերփրայզ Արմենիայի» և Արգենտինայի ներդրումների և առևտրի խթանման գործակալության՝ Agencia Argentina de Inversiones y Comercio Internacional-ի միջև: Այս մասին հայտնել է «Էնթերփրայզ Արմենիա»-ն։
Հուշագրի ստորագրման առցանց ձևաչափով արարողությանը ներկա էին և ելույթներով հանդես եկան Արգենտինայում Հայաստանի դեսպան Հովհաննես Վիրաբյանը և Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգերան:
Բացման խոսքով ելույթ ունեցան «Էնթերփրայզ Արմենիայի» գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը և Արգենտինայի ներդրումների և առևտրի խթանման գործակալության գործադիր նախագահ Խուան Ուսանդիվարասը: Բանախոսներն իրենց ելույթներում կարևորեցին երկու պետությունների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման և խթանման ջանքերը և ընդգծեցին այդ աշխատանքների շրջանակում երկու ազգային կառույցների միջև ինստիտուցիոնալ համագործակցության խորացմանը միտված հուշագրի ստորագրման կարևորությունը:
Փոխըմբռնման հուշագրով «Էնթերփրայզ Արմենիան» և Արգենտինայի ներդրումների և առևտրի խթանման գործակալությունը ամրագրեցին երկու երկրներում ներդրումային միջավայրը խթանելու գործընթացում փոխադարձ օժանդակություն ցուցաբերելու, փոխադարձաբար երկու երկրների գործարար շրջանակներին ըստ անհրաժեշտության աջակցություն տրամադրելու և երկու կողմերի միջև գործարար կապերն ամրապնդելու մտադրությունները:
Հուշագրի ստորագրմամբ երկու կառույցները ամրագրեցին նաև իրենց մտադրությունները՝ համատեղ ջանքերով նպաստել Հայաստան-Արգենտինա գործարար ու ներդրումային կապերի զարգացմանը: