Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական կողմից ոստիկանական անցակետի տեղակայումն անհանգստացնում է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց, որ ճանապարհին ստեղծված իրավիճակը մեծ վնաս է հասցնում տնտեսությանը, առևտրին և զբոսաշրջությանը։
Նախարարը նշեց՝ չնայած Ադրբեջանը անընդհատ նոր խնդիրներ է ստեղծում, ՀՀ-ն իր գործողություններում փորձում է էսկալացիա թույլ չտալ։
Քերոբյանի խոսքով՝ արդյունավետ մեխանիզմն այդ հարցերը հերթով լուծելն է։
«Եթե ձեզ թվում է, որ պետք է կյանքը կանգնեցնենք, ուրիշ ոչ մի բան չանենք, զբաղվենք միայն այդ մի ճանապարհով, չշնչե՞նք, չարտաշնչե՞նք, չքնե՞նք, չզարթնե՞նք։ Ես ասում եմ, որ այդ խնդիրները պետք է լուծել, բայց բացի այդ խնդիրներից, շատ այլ հարցեր կան, որ պետք է լուծվեն։ Ասել, որ մի խնդիր է պետք լուծել, մնացածը մոռանալ, ճիշտ չէ»,- նկատեց նախարարը և միևնույն ժամանակ հավելեց, որ ՀՀ ԱԳՆ-ն, ԱԱԾ-ն, ՊՆ-ն աշխատում են հարցերը լուծելու համար։
Վահան Քերոբյանի դիտարկմամբ՝ իրավիճակը չպետք է դրամատիզացնել, այն միայն վնաս է տալիս։
Հիշեցնենք նաև, որ «Հայաստան» խմբակցությունը Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի հարցով քննարկում անելու պահանջով հանդես եկավ ՀՀ ԱԱԾ հայտարարությունից հետո։ Ըստ այդ հայտարարության՝ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ` Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։