Հայաստանը շատ ակտիվ է աշխատում հայկական ձեռնարկությունների հետ, որոնք մեծացնում են իրենց ներկայությունը ռուսական շուկայում:
Այս մասին «Ռուսաստան-Հայաստան տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» կլոր սեղանի ժամանակ ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։ Հիշեցնենք, որ այն անցկացվում է սեպտեմբերի 20-ին Երևանում՝ «Armenian Business Forum–2021»-ի շրջանակում։
Նրա խոսքով՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների առջև ծառացել են որոշակի խնդիրներ, քանի որ չկան լոգիստիկ մեծ հնարավորություններ և բանկերի ֆինանսական աջակցություն, ինչպես նաև ռուսական խոշոր շուկաներ դուրս գալու հնարավորություն։
«Այս հարցում ռուս գործընկերների օգնությամբ մեզ հաջողվեց հաստատել նրանց սերտ համագործակցությունը ռուսական խոշոր ցանցերի և դիլերային առևտրային ընկերությունների հետ, որոնք իրենց հերթին ներկայացնում են հայկական ընկերությունները՝ իրենց ապրանքների և ծառայությունների տեսականու մեջ»,- ասաց Տողանյանը։
Դեսպանը տեղեկացրեց հայկական ապրանքների լոգիստիկ բաշխման կենտրոնների բացման մասին երեք շրջաններում՝ Հյուսիսային Օսիայում, Մոսկվայում և Եկատերինբուրգում ՝ հավելելով, որ համապատասխան հուշագրեր արդեն ստորագրվել են տարածաշրջանային իշխանությունների հետ:
«Տարածաշրջանային գործարար համայնքները, ինչպես նաև ռուսական մասնավոր «Տրանսստրոյբանկը» պատրաստ են ներդրումներ կատարել այս նախագծերում, ուստի մենք հույս ունենք, որ այդ նախագծերը կնպաստեն ռուսական շուկայում հայկական ընկերությունների թվի ավելացմանը»,- ասաց Տողանյանը:
Դեսպանը նաև ասաց, որ հայկական կողմն ակտիվորեն աշխատում է ռուսական խոշոր ձեռնարկությունների հետ, որոնք կցանկանային օգտագործել հայկական իրավասությունը տարածաշրջանում իրենց ներկայության համար:
«Իհարկե, հայկական շուկան այդ ընկերությունների համար այնքան մեծ չէ, ինչպիսիք են «Ուրալը», «Յանդեքսը», որոնց հետ մենք բանակցություններ ենք վարում: «Ուրալ» ընկերությունը հետաքրքրված է հավաքների արտադրությամբ` Իրաքում և Իրանում իր ներկայությունը մեծացնելու հեռանկարով: Այստեղ կօգտագործվեն նաև ազատ տնտեսական գոտու և ԵԱՏՄ-ի հնարավորությունները»,- ասաց Վարդան Տողանյանը:
Նա նաև հայտարարեց «Յանդեքս» ընկերության` լեռնային պայմաններում Հայաստանում անօդաչու մեքենաների փորձարկումներ կատարելու մտադրության մասին: