Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` պատասխանելով հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ արեց երկու երկրների`Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներին վերադառնալ առանց նախապայմանների բանակցության:
«Հայաստանը խաղաղ գործընթացի վերաբերյալ շատ հետևողական է եղել իր մոտեցումներում: Մենք առավել քան հստակ ընդգծել ենք, որ գործընթացն այլընտրանք չունի, կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով, և դա ասում ենք՝ բացարձակ ինքնավստահության հիման վրա, քանի որ Հայաստանն ու Արցախն ամբողջովին ի զորու են պաշտպանելու իրենց շահերն ու սահմանները, և այդ առումով մենք մնում ենք բացարձակ հավատարիմ խաղաղ կարգավորմանը և շարունակելու այն աշխատանքը, որը կատարել ենք այս ընթացքում»- ասաց ԱԳ նախարարը։
ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանը պատրաստ է սկսել բանակցային գործընթացը. խորհրդակցությունները շարունակվում են, երբ կլինեն առաջիկա հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ, այդ մասին կհայտարարվի։
Հիշեցնենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսյան մարտերից հետո կոչ էին արել կողմերին օգտվել ռազմական գործողությունների նվազեցումից՝ պատրաստվելու լուրջ և առարկայական բանակցությունների՝ խնդրի համապարփակ լուծումը գտնելու համար: