Ինչպես հայտնի է, այսօր ՀՀ ԱԱԾ-ն, բառացիորեն արտատպելով Փաշինյանի խոսնակի հին տեքստերից մեկը, մի հաղորդագրություն է տարածել, ուր ազդարարել է Կառավարության շենքի դիմաց բողոքի գործողությունների մասնակիցների մեջ Նախագահ Քոչարյանի կողմնակիցներին հերոսաբար հայտնաբերելու մասին։ Այս մասին
գրել է ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակը։
«Հարկ ենք համարում նշել, որ նման հայտնագործություն անելու համար պետք չէ ԱԱԾ լինել։ Հանրահայտ փաստ է, որ Քոչարյանը հազարավոր կողմնակիցներ ունի, որոնք հայրենասեր, քաղաքականապես ակտիվ մարդիկ են և մշտապես մասնակցում են բողոքի տարբեր գործողությունների և հանրահավաքների։
ԱԱԾ ֆունկցիաները և կարողություններն անհրաժեշտ են մեկ այլ՝ դավաճան-կապիտուլյանտների շարժառիթները պարզելու գործում»,- հայտնել է գրասենյակը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր, որքննությամբ պարզվել է, որ զանգվածային անկարգություններին մասնակից անձանց մեջ մեծ թիվ են կազմել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ հանդիսացող անձինք, «Կամք» նախաձեռնության, «Այլընտրանք» հասարակական կազմակերպության անդամները, Հայաստանի Հանրապետական կուսակցության աջակիցները, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավորների օգնականները, համակիրները, հանրային հնչեղություն ստացած տարբեր քրեական գործերով ամբաստանյալներ, որոնց նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կիրառվել են դատավարական հարկադրանքի միջոցներ և հարուցվել են քրեական հետապնդումներ: