«Հերթական քաղաքական շոուն, հերթական մանիպուլյացիան։ Եկել էին մի վայր, որտեղ վանկարկումներ էին անում, բարձր ձայնով խոսում էին։ Չի կարելի, ուղղակի չի կարելի»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա այցին Եռաբլուր։
Հիշեցնենք, որ Փաշինյանի գլխավորությամբ նախօրեին տեղի ունեցած երթի ընթացքում տեղի ունեցավ բախում, քաշքշուկ քաղաքացիների միջև։
Դիտարկմանը, թե սրանով Փաշինյանը փորձել է ցույց տալ, որ իր հետևից հոծ բազմություն է գալիս, որ աջակցություն ունի Փաշինյանը ժողովորդի կողմից, Վանեցյանն ասել է․ «Գիտե՞ք, սա այն հարցը չէ, որ մենք մրցենք, թե ում հետևից է շատ մարդ գալիս։ Վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդկանց բերել սգո երթի՝ ուղղակի ամոթ է։ Իսկ ինչ վերաբերում է, թե ում հետևից է շատ մարդ քայլում, ուղղակի ամոթ է նման համեմատություններ անելը։ Կա խորը քաղաքական ճգնաժամ, և այդ ճգնաժամը պետք է ստանա իր լուծումը։ Մենք ունենք պարտված երկիր, խայտառակ կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրած ղեկավար, որը բոլոր օրենքներով՝ բարոյական և, առհասարակ, մարդկային, պետք է ինքնակամ հասկանա և թողնի իր պաշտոնը, որովհետև Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրը արժանի չեն պարտված առաջնորդ ունենալուն»։