«Ժամանակ» թերթը գրում է. «2019թ. հաստատված ծրագրով 2020թ. 500 զինծառայողներ կարող էին օգտվել արտոնյալ վարկավորմամբ հիփոթեքային ծրագրով բնակարան գնելու իրավունքից: Բայց տարվա սկզբին կորոնավիրուսային համավարակով, իսկ հետո նաև պատերազմով պայմանավորված այս պահին այդ ծրագրից կարողացել են օգտվել և հիպոթեքային պայմանագրեր կնքել միայն 124 զինծառայողներ: Կառավարությունը պատրաստվում է որոշում կայացնել և ծրագրից օգտվելու հնարավորություն չստացած զինծառայողներին հնարավորություն տալ ծրագրից օգտվելու և բնակարան գնելու մինչև 2021թ. մարտի 31-ը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչներն ինքնակամ մեկուսացել են հասարակությունից՝ բլոկ անելով իրենց մերժողներին եւ չշփվելով իրենց քննադատողների հետ։ Նրանք հայտնվել են վակուումի մեջ եւ լսում են միայն իրենց քծնողներին ու իրենցով հիացածներին։ Դա է պատճառը, որ իրականությունից կտրվել են եւ համարում են, որ երկրում ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չկա, բողոքողներն էլ շատ չեն, մի խումբ «պիցցայակերներ» են, որոնք կա՛մ կհոգնեն-կգնան, կա՛մ ուժայինների միջոցով նրանց մի օր կցրեն եւ կշարունակեն ապրել այնպես, ինչպես ապրում էին պատերազմից առաջ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը թեև չի միացել նախկին պաշտոնյաների կողմից տարածված հայտարարություններին, որոնցով պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, բայց համակարծիք է նրանց հետ: «Ես ներգրավված չեմ այդ պրոցեսներում, բայց նրանց լրիվ հասկանում եմ։ Նրանք էլ հայ մարդ են, այս երկրի կյանքով ապրող։ Ինչի մասին է խոսքը։ Եվ բնավ կապ չունի՝ գեներալ են, թե շարքային։ Բոլորն էլ տեսնում են, թե երկրում ինչ է կատարվում։ Ես նրանց որևէ կերպ չեմ մեղադրում, թեև իմ ստորագրությունը չկա այդ հայտարարությունների տակ, որովհետև ինձ որևէ կերպ չեն դիմել»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2020 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են 1244.0 մլրդ դրամ, որը կազմում է 2020թ. տարեկան հաստատված ցուցանիշի 77.6 %-ը, իսկ տարեկան (ճշտված) ցուցանիշի նկատմամբ փաստացի ցուցանիշը կազմել է 94.2 տոկոս։ Ընդ որում, 2020 թ. փաստացի ցուցանիշը 2019թ. համապատասխան ցուցանիշից պակաս է 5.3 %-ով կամ 70.1 մլրդ դրամով, իսկ 2018թ. համապատասխան ցուցանիշին գերազանցում է 12.7 %-ով կամ 139.9 մլրդ դրամով: Ավելացված արժեքի հարկի գծով մուտքերը կազմել են 421.4 մլրդ դրամ, որը 2019 թ. համապատասխան ցուցանիշին զիջում է 3.2 %-ով, սակայն 2018 թ. ցուցանիշին գերազանցում է 7.1 %-ով, Շահութահարկի գծով մուտքերը կազմել են 130.2 մլրդ դրամ, որը 2019 թ. համապատասխան ցուցանիշից պակաս է 16.1 %-ով, իսկ 2018 թ. ցուցանիշին զիջում է 4.4 %-ով»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնել է 355 հազար 918 ուղեւոր, իսկ ժամանել՝ 367 հազար 434-ը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից: «Շիրակ» օդանավակայանից այս տարվա հունվար-նոյեմբերին մեկնել է 16 հազար 328 ուղեւոր, իսկ վերադարձել՝ 16 հազար 19: Նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով առաքվել է 9821 տոննա, իսկ ներմուծվել է 4664 տոննա բեռ: Ի դեպ, տեղեկացնենք, որ անցած տարվա համեմատ ե՛ւ «Զվարթնոց», ե՛ւ «Շիրակ» օդանավակայաններով մեկնող ու ժամանող ուղեւորների թիվը պակասել է»։
«Հայաստանի Հանրապետություն»-ը գրում է. «ՆԱՏՕ-ն ներսից ճաքեր է տվել: Դա դրսեւորվում է երկու հարթությունում: Առաջին՝ անդամ պետությունների միջեւ շահերի ակնհայտ բախումները, եւ երկրորդ՝ որոշ պետությունների վարքը բացահայտ հակասում է դաշինքի որդեգրած ռազմաքաղաքական գծին: Առաջինի դրսեւորումներն իրենց զգացնել տվեցին Լիբիայում, Սիրիայում տեղի ունեցած ռազմական բախումների ժամանակ, երբ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները հայտնվում էին հակամարտության տարբեր բեւեռներում: Այս կառույցի անդամների միջպետական խոշոր հակադրության օրինակ է այսօր դեռ թեժ վիճակում գտնվող Արեւելյան Միջերկրածովյան ճգնաժամը:
Նյութերը կարդացեք թերթերի այսօրվա համարներում։