ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ, նախնական տեղեկություններով, կկայանա Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը, բայց հանդիպման ժամանակացույցի մասին տեղեկություն չունի:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը չբացառեց, որ բացի Ծառուկյանից, վարչապետը հանդիպումներ կունենա նաև խորհրդարանական մյուս երկու՝ ԼՀԿ և «Իմ քայլը» խմբակցությունների ղեկավարների հետ։ Հանդիպման օրակարգում լինելու է արտահերթ ընտրությունների հարցը:
Մակունցը խոսեց նաև Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին։
Ըստ նրա՝ ովքեր պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և չեն անդրադառնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, փորձում են շրջանցել քաղաքացու՝ իշխանություն ձևավորելու հնարավորությունը:
«Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ որևէ մեկը մեզնից կառչած չէ պաշտոններից, բայց նաև կարևոր է, որ քաղաքացին ունենա իշխանություն ձևավորելու մեխանիզմ»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ այսօր ժամը 13.00-ին ԱԺ ԲՀԿ խմբակցություն կգնա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հանդիպում է ունենալու ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:
Շրջանառվող լուրերի համաձայն՝ մինչև հանդիպմումը ԲՀԿ խմբակցության պատգամավորները հանդիպելու են Գագիկ Ծառուկյանի հետ, որից հետո նոր կկայանա Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը: