Թեև Սյունիքի մարզի Կապան քաղաքի օդանավակայանը մնացել է հայկական տարածքում, բայց այն ադրբեջանական կողմի դիտարկման ներքո է: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանն՝ արձագանքելով օդանավակայանի մերձակայքից Ադրբեջանի տարածած տեսանյութին, ըստ որի, այն իրենց հսկողության տակ են պահում:
Տեսանյութը քաղաքապետը դիտել է: Ասում է՝ երկու օր առաջ են տեսանկարահանել ու հիմա ակտիվորեն համացանցում տարածում են:
Գևորգ Փարսյանի խոսքով՝ անվտանգային այս խնդիրների մասին իրենք բարձրաձայնում էին:
«Ասում էինք՝ գալու են մեր քթի տակ հայտնվեն և այդ տեսանյութը դրա ապացույցն է: Մեր բնակելի տարածքից 1 կմ հեռավարության վրա են, իսկ օդանավակայանից՝ մի քանի մետր. մի քանի մետրի վրա էլ մայրուղին է: Այն ամենն, ինչ իրենք նկարել են և հիմա ցույց են տալիս, դրա մասին էի ես այդքան խոսում»,- նկատեց նա:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել Կապանի օդանավակայանի մերձակայքից՝ հայտարարելով, որ իրենց հսկողության տակ են պահում օդանավակայանը:
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։