Վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պատերազմը հնարավոր էր կանխել:
«Եթե մեր բանակը պատրաստ լիներ պատերազմին, մենք կարող էինք դիրքերը պահել։ Նույնիսկ այս անբարենպաստ պայմաններում, եթե չլինեին այդ հիմար հրամանները, կարգ ու կարգապահություն լիներ, եթե կարողանային ճիշտ կազմակերպել բանակի աշխատանքը, մենք նման կորուստներ չէինք ունենա»,- հայտարարել է նա՝ ընդգծելով, որ հնարավոր էր ավելի արագ և ավելի քիչ կորուստներով կանգնեցնել պատերազմը։
«Ապացուցված եմ համարում, որ Շուշին ադրբեջանցիները չեն գրավել, այլ դավաճանության կամ հիմարության պատճառով հանձնել են մերոնք՝ դավաճանության, թե հիմարության պատճառով, դա առանձին հարց է»,- ասել է նա:
Քաղաքական գործիչը նաև կարծիք է հայտնել, որ եռակողմ հայտարարությունը կարող էր ավելի բարենպաստ լինել հայկական կողմի համար: Մանուկյանի խոսքերով ՝ նոյեմբերի 8-9-ին ադրբեջանական բանակը նույնպես ռազմական գործողությունները դադարեցնելու կարիք ուներ՝ Ադրբեջանում հոգնածության և ներքին դժգոհության պատճառով:
Անդրադառնալով պարտության արդյունքներին ՝ Վազգեն Մանուկյանն ասել է, որ հայկական կողմը «կորցրել է բանակը», ինչպես նաև ավելի քան 1 մլրդ դոլարի սպառազինություն և զինամթերք:
Հիշեցնենք, որ ռազմական գործողությունների դադարեցումից հետո Հայաստանում շարունակվում են բողոքի ակցիաները ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Մի խումբ ընդդիմադիր կուսակցություններ վարչապետի պաշտոնի համար միասնական թեկնածու են առաջադրել Վազգեն Մանուկյանին, որը 1990-ականներին զբաղեցրել է վարչապետի եւ պաշտպանության նախարարի պաշտոնները: