ՀՀ-ում ՌԴ դեսպանությունն արձագանքել է «Հրապարակ» օրաթերթին։
Նշենք, որ թերթն այսօրվա իր հրապարակման մեջ գրել էր, որ «Հայաստանի ընդդիմադիր ուժերը որոշակի դժգոհություն ունեն Փաշինյանի «կյանքը երկարաձգող» ռուսական պաշտոնական օղակներից և մասնավորապես՝ Հայաստանում ՌԴ դեսպանից, որը սերտ կապերի մեջ է հայաստանյան մի շարք կուսակցությունների հետ և անգամ հովանավորում է դրանցից մի քանիսին, որ խրախուսում է արտահերթ ընտրությունների անցկացումը, որի կազմակերպիչը գործող իշխանությունն է լինելու։ Ընդդիմությունը փորձում է հասնել նրան, որ դեսպան Կոպիրկինին հետ կանչեն»։
Ի պատասխան «Հրապարակ» օրաթերթին հետաքրքրող մի շարք հարցերի վերաբերյալ մեկնաբանություն տրամադրելու հարցմանը՝ դեսպանատնից հայտնել են, որ իրենք միշտ եղել և մնում են բաց` զանգվածային լրատվության միջոցների հետ փոխգործակցության համար, ինչի հաստատումը կարող են ծառայել ինչպես դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարության, այնպես էլ դրա աշխատակիցների բազմաթիվ մեկնաբանությունները, հարցազրույցները և մամուլի ասուլիսները:
«Մենք միշտ պատրաստ ենք աշխատել նրանց հետ, ովքեր իրենց մասնագիտական գործունեության մեջ առաջնորդվում են օբյեկտիվ, ազնիվ, անկողմնակալ լրագրության սկզբունքներով, լիարժեք պատասխանատվություն են ցուցաբերում տեղեկատվությունը մշակելիս և ստուգում են հրապարակվող նյութերի հավաստիությունը»,- նշել են դեսպանությունից՝ հավելելով, որ չեն բացառում նաև «Հրապարակ» օրաթերթի հետ տեղեկատվական փոխգործակցության հնարավորությունը, բայց միայն վերը նշված սկզբունքների հիման վրա։
«Այս կապակցությամբ կցանկանայինք ուշադրություն դարձնել ս.թ. հունվարի 21-ին Ձեր ինտերնետային կայքում հրապարակված «Ընդդիմությունը դժգոհ է ՌԴ դեսպանից» հոդվածին, որը զրպարտչական հերյուրանքներ է պարունակում Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հասցեին։ Հոդվածում շարադրված տեղեկատվության համոզիչ ապացույցների առկայության դեպքում խնդրում ենք տրամադրել մեզ դրանք: Հակառակ դեպքում պահանջում ենք հրապարակել պաշտոնական հերքումը։ Այլապես, համագործակցության մասին ոչ մի խոսք չի կարող լինել»,- նշված է հաղորդագրության մեջ։