Այսօր Ստրասբուրգում հանդիպումներ եմ ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի և ԵԽԽՎ նախագահ Ռիկ Դայմսի հետ։ Այս մասին
գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։
«Երկու պաշտոնյաներն էլ հավաստիացրել են, որ Ադրբեջանում հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց ճակատագրի հարցը, ինչպես նաև Ադրբեջանում հայատյացության դրսևորումները պահելու են իրենց ուշադրության կենտրոնում։
Խոսել ենք նաև ԵԽ և ԵԽԽՎ ներկայացուցիչների՝ Արցախ այցելության մասին»,- գրել է Ռուբինյանը։
Հիշեցնենք, որ 44 ռազմագերիների վերադարձը հայտարարվել է որպես գերիների խմբակային վերադարձ, սակայն մինչ այդ էլ մի քանի անգամ վերադարձվել են այլ գերիներ։ Մեկ կին վերադարձվել է հոկտեմբերին (Եվգենյա Բաբայան)։ Դեկտեմբերի սկզբին երեք անգամ վերադարձվել են այլ գերիներ, հիմնականում՝ քաղաքացիական անձինք։ Վերադարձված գերիների ընդհանուր թիվը ոչ պաշտոնական տվյալներով 53 է։