«Հրապարակ» գրում է. «Տարեվերջին կառավարությունը հանրային քննարկման դրեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է համայնքների խոշորացում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերում: 186 համայնքից որոշել են ստանալ 11-ը։ Խնդիրն այն է, որ նախագիծը հանրային քննարկման է դրվել ռազմական դրության պայմաններում, ավելին՝ վերջնաժամկետ են սահմանել խոշորացման այս փուլն ավարտել մարտ-ապրիլ ամիսներին։
Մեր տեղեկություններով, մի շարք համայնքապետեր, մասնավորապես, Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը, Նոր Հաճնի համայնքապետ Գագիկ Մաթևոսյանը դիմել են Սահմանադրական դատարան և վիճարկում են ռազմական դրության պայմաններում հանրաքվեի անցկացումը սահմանափակող դրույթը։ Այսինքն՝ նրանք ուզում են, որ մինչ խոշորացումը հարցը դրվի հանրաքվեի, և համայնքի բնակչությունը հայտնի իր կարծիքը՝ ուզո՞ւմ է գնալ խոշորացման, թե՞ ոչ։ ՍԴ-ն նախադեպային որոշում է կայացրել՝ հայցը վարույթ ընդունելով, այն կքննվի մայիսին»:
«Ժողովուրդ»-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում այս օրերին խուճապային տրամադրություններ են: Բանն այն է, որ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ խմբակցությունից ԱՄՆ դեսպան գնալը շատերի մոտ տագնապ է առաջացրել, քանի որ դա նշանակում է, որ խմբակցությունում առաջիկայում բառի ուղիղ իմաստով քաոս է լինելու: Ըստ իմքայլականների՝ Մակունցն այս տարիներին կարողացել է բոլոր իրավիճակներն ավելի փափուկ հարթել, իսկ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը ցանկացած հարցի պարզաբանում վերածում է «ռազբորկայի»։ Հիմա խմբակցության ներսում քննարկվում է, որ եթե այն ղեկավարի Սիմիդյանը, ապա ամեն օր իրավիճակը լարվելու է թիմի ներսում, բախումներն անխուսափելի են դառնալու»։
«Փաստ»-ը գրում է. «Ինչպես հայտնի է, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ դեռ նախորդ տարվանից ճամփորդությունների հետ կապված բազմաթիվ սահմանափակումներ էին առաջացել. Փետրվարի 1-ից գործարկվում է «Ճամփորդիր առանց covid-19-ի» ծրագիրը, որն առայժմ պիլոտային է՝ մինչև մարտի 1-ը: «Փաստ» թերթը երեկ ամբողջ օրը տեղեկություններ էր ստանում, որ այս լուրը բավական լայն արձագանք է ստացել մեր քաղաքացիների շրջանում. ըստ մեր տեղեկությունների՝ կառավարության նիստում նշյալ «ավետիսի» հրապարակումից հետո ավիաընկերությունների հեռախոսները բառացիորեն չեն լռում, հազարավոր մարդիկ փորձում են մանրամասն տեղեկություններ ստանալ և հնարավորինս շուտ տոմս ձեռք բերել, որպեսզի մեկնեն Ռուսաստանի Դաշնություն»:
«168 ժամ»-ը գրում է. «Ինչպես պատերազմի 44 օրերը, այնպես էլ, հատկապես, հետպատերազմյան շրջանը ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանն ունի մեկ գերագույն խնդիր՝ իշխանության պահպանումը բոլոր հնարավոր մեթոդներով։ Դա նշանակում է, որ նրա համար դա բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունն է, ինչն էլ նշանակում է, որ հանուն իշխանության պահպանման՝ նա պատրաստ է դիմել ցանկացած քայլի, եթե անգամ այդ քայլը հակասում է Հայաստանի ազգային ու պետական շահերին։ Պատերազմին հաջորդող շրջանում մենք հենց դրա ականատեսն ենք․ իշխանությունն ամեն գնով պահպանելու մոլուցքով՝ Նիկոլ Փաշինյանն իրար հետևից արել և անում է քայլեր, որոնք դեմ են Հայաստանի շահերին, բայց առայժմ օգնում են պահպանել նրա իշխանությունը։ Իրականության մեջ քաղաքական ուժի ու քաղաքական գործչի համար իշխանությունը ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ այլ նպատակների, օրինակ, գաղափարների, ծրագրերի իրագործման համար»։
Մանրամասները՝ թերթերի այսօրվա համարներում: